Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանում բացվեց հրաձգարան
07.08.2023

Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանի շենքում բացվեց հրաձգարան:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Գույքով և անհրաժեշտ սարքավորումներով կահավորված հրաձգարանում մարզպետի աշխատակազմը կկարողանա զարգացնել զենքի տիրապետման իր հմտությունները և կատարելագործել կրակային պատրաստության գիտելիքները:
Հրաձգարանի բացման պատիվը տրվեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին: Կարևորագույն ձեռքբերման առիթով մարզի ղեկավարը շնորհավորեց իր աշխատակազմին՝ նշելով, որ հրաձգարանը հնարավորություն կտա ստանալ զենքի հետ վարվելու բազային գիտելիքներ:
- Թող շուտափույթ խաղաղություն հաստատվի, բայց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին մենք պետք է միշտ պատրաստ լինենք: Հրաձգարանը յուրահատուկ ուսումնական բազա կլինի մարտական զարգացվածության հարցում և հնարավորություն կտա ձեզ կատարելագործել ունակությունները,- աշխատակազմին ուղղված խոսքում ասաց Ա. Խաչատրյանը:
Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը նշեց, որ հրաձգարանը հետզհետե կհամալրվի նոր ուսումնական գույքով:
Բացման արարողությունից հետո ներկաները փորձարկեցին նորաբաց հրաձգարանի հնարավորություները: