Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Լոռի ֆուտբոլային ակումբի» աղջիկների թիմը պատվավոր առաջին տեղն է գրավել
04.08.2023

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող ՀՀ Լոռու մարզի ֆուտբոլի մինչև 15 տարեկան աղջիկների առաջնության մարզային փուլում «Լոռի ֆուտբոլային ակումբի» աղջիկների թիմը պատվավոր առաջին տեղն է գրավել։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է թիմի անդամներին, նրանց մարզչին ու մարզի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին։
Մարզի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին ու մարզիչներին հաղթանակի կապակցությամբ, մաղթել առողջություն ու միասնականություն, նորանոր հաղթանակներ՝ պարգևատրելով շնորհավորագրով.
-Աշխատանքներ են տարվում՝ մարզում բարձրացնելու աղջիկների ներգրավվածությունը տարբեր մարզաձևերում և ուրախալի է, որ մեր աղջիկները հաջողություններ են ունեում ոչ միայն ֆուտբոլի, այլև մի շարք այլ մարզաձևերում ևս,-ասել է մարզի ղեկավարը:
Աղջիկներին շնորհավորել է նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը։
Որպես շնորհակալություն ցուցաբերած աջակցության համար՝ թիմի անդամները մարզպետին հանձնեցին նվերներ։
Լոռու մարզի ՀՖՖ ներկայացուցիչ Կոստիկ Բաբայանը տեղեկացրել է, որ թիմը ձևավորվել է Վանաձորի տարբեր դպրոցների աշակերտներից։ Այս տարի թիմը մարզումներ կիրականացնի՝ հաջորդ տարի մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնությանը։