Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մազային հանձնաժողովի նիստը՝ Ստեփանավանում
03.08.2023
![](http://lori.mtad.am/files/n_pics/35881_s.jpg)
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստն այս անգամ անցկացվեց արտագնա՝ Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ի անկախ կյանքի կենտրոնում: Նիստը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Ողջունելով ներկաներին իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից՝ Գ. Ասրյանը կարևորեց հանձնաժողվի նիստը հատկապես «Լիարժեք կյանքի» անկախ կյանքի կենտրոնում անցկացնելը, քանի որ այս տարի կազմակերպությունը նշում է հիմնադրման 25-ամյակը: Այդ կապակցությամբ ու նաև ոլորտում ունեցած մեծագույն ներդրման համար Լոռու մարզպետի պատվոգրով և նվերով պարգևատրեց կազմակերպության նախագահ, ՀՀ վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, ՀԿ հիմնադիր-նախագահ Սուրեն Մաղաքյանին:
Հանձնաժողովի քարտուղար, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինայնը ներկայացրեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նոր կազմը:
Սուրեն Մաղաքյանը հանդես եկավ ելույթով համայնքերում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների, ներառականության ապահովման, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագերի նախագծման ժամանակ ունիվերսալ ձևավորման սկզբունքների կիրառման անհրաժետության վերաբերյալ: Նա նշեց, ՀՀ կառավարության հստակ դիրքորոշումը բոլոր բնագավառներում ներառականության սկզբունքի լիրաժեք կիրառման վերաբերյալ հստակ է և անդառնալի: Դրա մասին են վկայում իրականացվող բարեփոխումները,մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, օրենքների փոխակերպումները և բազմաթիվ օրենքների նախագծերը, որոնք ընթացիկ քննարկման փուլում են:
«Մատչելի սանիտարահիգիենիկ պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում քառասունչորսօրյա պատերազմից հաշմանդամություն ձեռք բերած 5 զինծառայողի և քովիդից տուժած 2 շահառուի բնակարանների սանհանգույցների սանիտարական պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքների մասին զեկուցեց հանձնաժողովի անդամ, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը:
Վալերի Ջաղինյանը տեղեկատվություն ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ հատկացնող կազմակերպությունների և Լոռու մարզում իրականացվող ծառայությունների մասին՝ նշելով, որ իր կողմից բազա է կազմվել, որը կարող է տրամադրվել բոլոր ցանկացողներին, այդ թվում նաև՝ հասարակական կազմակերպություններին:
«Արգինա» մշակութային ՀԿ-ի գործունեության և ընթացիկ ծրագրերի մասին խոսեց «Արգինա» ՀԿ նախագահ Գայանե Բալայանը:
«Լուսաստղ» ՀԿ նախագահ Անի Գաբրիելյանը ներկայացրեց ՍՕԱՌ ԲՀ-ի ֆինանսական աջակցությամբ Վանաձորում ստեղծված «Լուսաստղ» ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող երեխաների «Ադա» ցերեկային աջակցության կենտրոնի գործունեությունը: Վերջինս մի քանի ամիս է, ինչ գործում է, սակայն մեծ կարևորության հաստատություն է և արդեն իսկ ունի մեծ պահանջարկ:
Քննարկվեցին նաև այլ հարցեր: Այցի շրջանակներում հանձնաժողովի անդամները եղան «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ի ամառային ներառական ճամբարում, ծանոթացան վերջինիս գործունեությանը: