Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարդավառը՝ Օձունում
31.07.2023
«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում՝ Օձունի վանական համալիրի տարածքում, հանդիսավորությամբ անցկացվեց «Վարդավառ» միջոցառումը, որը կազմակերպվել էր Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը,Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր։
Միջոցառումը վարում էր Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը:
Ներկաներին իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ողջունեց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Նա իր խոսքում կարևորեց նման խորհրդանշական միջոցառումների անցկացումը, որի նպատակը ոչ միայն տոնի կարևորությունը, հայկական ազգային ավանդույթների պահպանումն ու ներկայացումն է հանրությանը, այլև զբոսաշրջային հոսքերի ներգրավումը Լոռու մարզ: Նա նշեց, որ մեծ ջանքեր են գործադրվել միջոցառման կազմակերպման համար և հույս հայտնեց, որ ներկաները տոնակատարությունից կհեռանան գեղեցիկ տպավորություններով:
Իր օրհնությունը հղեց և տոնի կարևորության մասին խոսեց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Սրբազան հոր օրհնանքով հայտարարվեց տոնակատարության սկիզբը:
Պարերի և երգերի կատարումներով հանդես եկան մարզի տարբեր համայնքների կատարողական խմբերը, երգիչները: Համերգային մասը մեկնարկեց Օձունի «Հաղթանակ» պարային ստուդիայի փոքրիկ բեմականացմամբ՝ «Վարդավառի ծես» անվանումով:
Տոնակատարությունն ավարտվեց Վարդավառի շուրջպարով և ջրախաղով, որը արգասաբերության, պարզության, մաքրագործման խորհուրդ ունի:
Մատուցվեց Սուրբ Մատաղ: