Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աննախադեպ միջոցառում Վանաձորում՝ #ՖԵՍՏԻՎԱՌ

24.07.2023

Մի քանի օր Վանաձորն ակտիվ եռուզեռի մեջ էր: Լոռու մարզկենտրոնում նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվում մարզի և համայնքի համար աննախադեպ միջոցառման անցկացման համար:

Առաջին ալիքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի հետ համագործընկերությամբ, հուլիսի 22-ին, կազմակերպել էր զբոսաշրջային և երաժշտական փառատոն՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորում:

Վանաձորն ունեցել է աննախադեպ քանակությամբ հյուրեր՝ ինչպես Լոռու մարզի տարբեր բնակավայրերից, այնպես էլ՝ այլ մարզերից ու արտերկրից:

Ամբողջ օրվա ընթացքում քաղաքի կենտրոնում ելույթ են ունեցել Լոռու մարզի անհատ կատարողները և խմբերը, իսկ երեկոյան ժամը 20:00-ին Հայքի հրապարակում մեկնարկել է մեծ համերգ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ սիմֆոնիկ էստրադա՝ Սոնա Ռուբենյան և Իվետա Մուկուչյան, սիմֆոնիկ Ռեինկարնացիա՝ Ռոլանդ Գասպարյան և Ռեինկարնացիա օրկեստրա, գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Փառատոնային օրվա ընթացքում ժամը 12:00-ից «Հայքի» հրապարակի հարակից տարածքում գործում էր 30 տաղավար: Տեղի կազմակերպությունները ներկայացնում էին տարբեր ծառայություններ, համեղ ուտեստներ՝ սնունդ, ըմպելիք, հուշանվերներ և այլն, կազմակերպում, տարբեր վարպետության դասեր: Հրապարակում գործում էր նաև ինֆո տաղավարը, որտեղ տեղեկատվություն է տրամադրվում մարզի զբոսաշրջային պոտենցիալի վերաբերյալ, ներկայացվում էին զբոսաշրջային ուղղություները, հյուրատները, հյուրանոցները, հանգստի գոտիները, պատմամշակութային հուշարձանները:

Ֆեստիվառային օրվա ընթացքում Հանրային հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդումը ուղիղ եթերում պատմում էր Լոռու մարզի, Վանաձորի մասին: «Բարի լույսի» տաղավարում հյուրընկալվել է նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ով ուղիղ եթերում ներկայացրել է Լոռու մարզի և Վանաձորի առանձնահատկությունները՝ հրավիրելով բոլորի գալ և սիրահարվել Լոռիին:

Ավելի վաղ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մարզպետ Արամ Խաչատրյանը նշել է. «Համոզված եմ, որ հուլիսի 22-ին շատերը կգան, կսիրահարվեն Լոռիին ու ցանկություն կունենան կրկին ու կրկին վերադառնալ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Հանրային Հեռուստաընկերությանն այս փառատոնը նախաձեռնելու համար: Առհասարակ նման մասշտաբային միջոցառումները նպաստում են զբոսաշրջային հոսքերի ավելացմանը և տնտեսական ակտիվության խթանմանը, ինչը շատ կարևոր է մարզի, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման առումով»:

Ուշ երեկոյան համերգային ծրագրին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, այլ պաշտոնայներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:31:56