Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում բացվեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակը

06.07.2023

Այսօր Վանաձորում՝ Տիգրան Մեծ 24/3 հասցեում, տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման պաշտոնական հանդիսավոր բացումը։
Բացման արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն․Գ․ տկն․ Անդրեա Վիկտորինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Բացման արարողությանը հաջորդեց Լոռու մարզում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական խնդիրների վերաբերյալ քննարկում Վանաձորի «Լոֆթ» կենտրոնում:

Ողջույնի ելույթով հանդես եկավ Անահիտ Մանասյանը:Կարևորելով մարզային գրասենյակի պաշտոնական բացումը՝ նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը չունի այլընտրանք, քան մարդու իրավունքների գերակայությունն է, մարդու և քաղաքացու իրավագիտակցության բարձրացումը.
-Մենք համատեղ ուժերով ստանձնել ենք այդ հանձնառությունը և գնալու ենք դեպի վերջնական հանգրվան,-ասա Ա. Մանասյանը:
Մարզպետ Ա. Խաչատրյանը շնորհավորեց բոլորին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման բացման կապակցությամբ:
- Մարդու իրավունքների պաշտպանի ինտիտուտը մեր քաղաքացիների համար չափազանց կարևոր է, քանի որ այն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով:
Լոռու մարզպետի աշխատակազմը՝ որպես պետական կառավարման մարմին, չափազանց կարևորում է այս կառույցի գործունությունը և այն համոզման է, որ պետական գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, հանրային ծառայությունների ոլորտում պաշտոն զբաղեցնող ցանկացած աշխատակցի ապօրինի և ոչ քաղաքացիամետ գործունեությանը պետք է տրվի համապատասխան գնահատական, քանզի ինչպես ամրագրված է Սահմանադրությամբ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը,-ասաց նա և հավելեց, որ, որպես մարզի ղեկավար, չափազանց կարևորում է, հանրության իրավագիտակցությունը բարձրացնելու, սեփական իրավունքներին տեր կանգնելու կարողությունների զարգացումը, քանզի միայն իրավագիտակից հասարակության դեպքում կարող ենք ունենալ լիարժեք իրավական պետություն.
-Վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, մարզային ստորաբաժանումների ակտիվ գործունեությունը կարող են զգալիորեն նպաստել այս կարևորագույն նպատակի կյանքի կոչմանը,-ասաց նա:
Միջազգային գործընկերները՝ դեսպան Ն․Գ․ տկն․ Անդրեա Վիկտորինը և տիկին Նաթիա Նացվլիշվիլին նշեցին, որ մարդու իրավունքների գերակայությունը և ժողովրդավարությունը պետք է դրված լինեն բոլոր քաղաքակիրթ պետությունների զարգացման հիմքում և իրենք պատրաստակամ են այսուհետ ևս աջակցել Հայաստանի Հանրապետությանն այդ հարցում:
-Մարդու իրավունքների ինստիտուտների կայացումը մեր կարևոր նպատակներից է: Այս ուղղությամբ պետք է աշխատել անընդհատ: Կայուն անվտանգություն երկրում ապահովել հնարավոր չէ, եթե չկա ժողովրդավարություն: Մենք կարևորում ենք նաև Հայաստանում Մարդու իրավունքների գրասենյակի անկախ գործունեությունը,-իր խոսքում նշեց Ա. Վիկտորինը:
-Մարդուն օգնելու գաղափարը հավերժական է: Այս մասին իր ստեղծագործություններում բազմիցս հիշատակել է նաև հայ ժողովրդի մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Նա ինձ ևս հոգեհարազատ է, որովհետև երկար տարիներ ապրել է Թբիլիսիում: Մարդուն օգնելու համար պետք է նրան իրազեկել իր իրավունքների մասին և, այո, յուրաքանչյուր ժողովրդավար պետության հիմքում ընկած են մարդու իրավունքները,-ասաց Նաթիա Նացվլիշվիլին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը կղեկավարի Տիգրան Մադաթյանը, ով հանդես եկավ զեկույցով՝ «Մարդու իրավունքները մարզային մակարդակում» բովանդակությամբ, որից հետո ծավալվեց ակտիվ հարցուպատասխան:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27