Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարգահովիտ բնակավայրին և Ֆիոլետովո համայնքին կտրամադրվեն աղբահավաք մեքենա և աղբի տարաներ
30.06.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Մարգահովիտի երիտասարդական կենտրոնի միջև դրամաշնորհային ծրագրի ստորագրման արարողությունը:
Ծրագրով նախատեսված է ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրին և Ֆիոլետովո համայնքին տրամադրել աղբահավաք մեքենա և աղբի տարաներ:
Ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Մարգահովիտի երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչներ, համայնքների ներկայացուցիչներ:
Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և նշել, որ բացի աղբահանությունից նաև մի շարք այլ ոլորտներում առկա են հայ-ճապոնական համատեղ համագործակցության լավ օրինակներ:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայ-ճապոնական հարաբերությունները և կարևորել է համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այս ծրագիրը ոչ միայն ներդրումային ծրագիր է, այլ նաև հնարավորություն՝ փորձի փոխանակման և համապատասխան միջավայրի ձևավորման համար:
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ նոր աղբամանների և մեքենայի տրամադրմամբ համայնքներում կլուծվեն առկա էկոլոգիական խնդիրները:
Հանդիպման ավարտին Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Մարգահովիտի երիտասարդական կենտրոնի միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել։