Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանումներ են տրվել ուսումնական գործընթացին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ

27.06.2023

Մարզային խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպում է ունեցել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Խորհրդակցություններին մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը, մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը:
Քննարկման օրակարգի հիմնական հարցերը վերաբերել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և սեպտեմբերից բոլոր դպրոցներում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշչին:
Անդրադառնալով հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նախորդ երկու տարում այն արդեն փորձարկվել է Տավուշի մարզում, իսկ նոր ուսումնական տարվանից ներդրվելու է մյուս մարզերի և Երևանի բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում: Այդ նպատակով նշված դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները վերապատրաստման դասընթացների կմասնակցեն: Ըստ փոխնախարարի, նոր չափորոշչով պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները, փոփոխություն է նախատեսվում գնահատման համակարգում, հատուկ շեշտադրում է արված ԲՏՃՄ ուղղության առարկաների, օտար լեզուների և հայագիտական առարկաների ուսուցման որակի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգով՝ դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատված են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։ Վարչական կառավարման մեջ ներառվում են հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերին՝ շեշտելով, որ հավակնորդները պետք է ավելի լուրջ աշխատեն բովանդակային ծրագիր կազմելու ուղղությամբ: Տնօրենի պաշտոնի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրն անցնում է մասնագիտական փորձաքննություն՝ ստանալով եզրակացություն:
Նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և հիշեցրել, որ նրանք կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը, եթե ապահովեն կամավոր ատեստավորման համար սահմանված նվազագույն շեմը:
«Այն ուսուցիչները, որոնք չեն մասնակցի կամավոր ատեստավորմանը, նրանց մասնագիտական գործունեությունը 2023 թվականի օգոստոսի 20-ից հետո դադարեցվելու է, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և կապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման և դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի և կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի, դպրոցների լաբորատոր հագեցվածության, կամավոր ատեստավորմանը և այլն:
Վ. Գասպարյանը հանգամանալի տեղեկատվություն է ներկայացրել ուսուցիչների աշխատավարձերի, սեպտեմբերից գործարկվող ֆինանսավորման նոր մոդելի վերաբերյալ:
Նրանք պատասխանել են նաև տնօրենների կողմից հնչեցված հարցերին, պարզաբանումներ ներկայացրել նրանց հուզող խնդիրների վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27