Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը

20.06.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Վերջինիս ուղեկցում էին դեսպանատան, «Ռոսհամագործակցություն» կազմակերպության և Երևանում «Մոսկվայի տան» ներկայացուցիչները:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով մարզ այցելելու համար՝ մարզպետ Արամ Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է հատկապես հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում, որը տարեցտարի ամրագրվում է նորանոր համատեղ ծրագրերով: Մարզի ղեկավարն ընդգծել է հատկապես սերտ գործակցությունը Վանաձորում գործող Ռուսական կենտրոնի, ռուսական համայնքի հետ՝ նշելով, որ տարվա ընթացքում համատեղ տոնվում են բոլոր կարևոր միջոցառումները՝ մասնավորապես Ռուսական լեզվի օրը՝ Պուշկինի օրը, Դիվանագիտական աշխատողի օրը, Ռուսաստանի օրը և այլն:
-Մեր մարզում են գտնվում մոլոկաններով բնակեցված Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքները, և մենք առանձնահատուկ հոգածություն ենք ցուցաբերում այդ համայնքների նկատմամբ: Լերմոնտովոյում և Ֆիոլետովոյում պետբյուջեի միջոցներով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր,-ասել է Ա. Խաչատրյանը:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ նույնպես ընդգծել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, բարձր մակարդակի գործընկերությունը: Նա կարևորել է հատկապես միջռեգիոնալ գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
-Այն, ինչ դուք նշեցիք Ձեր խոսքում, հարգարժան պարոն մարզպետ, վկայում է, որ մեր երկրները միայն գործընկերային կապերով չեն կապված, այլ դարավոր բարեկամությամբ: Մենք շնորհակալ ենք մարզային իշխանությանը՝ ի դեմս Ձեզ, այն ներդրման համար, որ ունենում եք հանուն այդ հարաբերությունների պահպանման և խորացման,-ասել է դեսպանը:
Համատեղ զրույցի ընթացքում քննարկվել են գործակցությունն ընդլայնելու, համատեղ մշակութային, մարզական և այլ տարաբնույթ ծրագրեր իրականացնելու հարցեր:
«Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանն ընդգծել է հատկապես Լոռու մարզպետի աջակցությունը Լոռու մարզի քաղաքային համայնքներում ռուսական կենտրոնների բացման հարցում:
Մարզի ղեկավարի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղակայված Ռուսական կենտրոն:
Այն բացվել է «Մոսկվայի տան», Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի համագործակցության արդյունքում և գործունեություն է ծավալում շուրջ երեք տարի: Այստեղ հաճախող երեխաները սովորում են ռուսերեն լեզու, գրականություն, պատմություն, ռոբոտաշինություն, մասնակցում ստվերների թատրոնի խմբակին և այլն: Հյուրերի համար տեղում անցկացվել է բաց դաս, ապա մարզպետը և դեսպանը վկայագրեր են հանձնել ռոբոտաշինության խմբակը հաջողությամբ ավարտած երեխաներին:
Այցի հաջորդ կանգառը Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 4 դպրոցն էր: Այստեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով, ուրախ պարերով: Մարզի ղեկավարը և դեսպանը հանդիպում են ունեցել դպրոցի ուսուցիչների հետ: Ս. Կոպիրկինն իր խոսքում նշել է, որ Պուշկինի անվան դպրոցները Հայաստանի Հանրապետությունում 4-ն են, և դա միտք է հղացրել կազմակերպելու փառատոն նախկին խորհրդային միության կազմում ընդգրկված Պուշկինի անունը կրող դպրոցների միջև: Նա շնորհակալություն է հայտնել թիվ 4 դպրոցում ռուսերենի ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպելու, տարբեր մրցույթներում բազմաթիվ հաջողություններ գրանցելու համար և խոստացել աջակցել մեթոդական ձեռնարկների տրամադրման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման և մի շարք այլ հարցերում:
Վանաձորում նրանք նաև ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հուշարձանին, ապա այցելել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան»: Այստեղ նրանք ծանոթացել են տարածաշրջանի դարավոր պատմության մասին վկայող արժեքավոր ցուցանմուշներին, եղել նաև Շուշիից փրկված գորգերի ցուցասրահում, որոնք թվագրվում էին 18,19-րդ դարերին:
Ծաղիկներ են խոնարհվել նաև Ա.Ս.Պուշկինի հուշարձանին։
Այցի շրջանակներում այցելություն է կատարվել Ամրակից բնակավայրում գտնվող Սուրբ հրաշագործ Նիկոլայի ռուսական եկեղեցի, որը կառուցվել է 1848 թ.: Այն խարխլվել է 1988թ.ի երկրաշարժին և այդուհետ չի գործել: Դեսպանին ներկայացվել է, որ եկեղեցին վերականգնելու նախաձեռնություն կա և այն առաջիկայում կյանքի կկոչվի:
Պատվիրակությունը Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ եղել է նաև Ֆիոլետովո համայնքում, զրուցել համայնքի ղեկավարի հետ, ծանոթացել այստեղ իրականացված ծրագրերին: Համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչյովն ընդգծել է, որ մազպետի անմիջական հոգածությամբ և աջակցությամբ ընթացիկ բոլոր խնդիրները լուծում են ստանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42