Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 70 մրցանակակիրները և նրանց ուսուցիչները

16.06.2023

Այսօր Վանաձորի Ա.Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Լոռու մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադանների հանրապետական փուլի մրցանակակիրների և նրանց ուսուցիչների պարգևատրման արարողությունը, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր:

Ա. Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ 2023 թ.-ին դպրոցականների առարկայական օլիմպիադաների 1-ին՝ դպրոցական փուլին, Լոռու մարզից մասնակցել է մոտ 10000 սովորող, իսկ 2-րդ՝ տարածքային փուլին՝ թվով 1274 սովորող: Առարկայական օլիմպիադանների 3-րդ՝ մարզային փուլն իրականացվել է 16 առարկաներից, որին մասնակցել է 576 աշակերտ: Մարզի կրթության ոլորտի պատասխանատուի հավաստմամբ, մարզային փուլի արդյունքում, 156 աշակերտ (նախորդ տարի՝ 129) իրավունք է ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: Լոռու մարզն ունեցել է 70 մրցանակակիր (նախորդ տարում` 60):
Այս տարի 1-ին կարգի դիպլոմի է արժանացել 10 (նախորդ տարում` 4), 2-րդ կարգի դիպլոմի՝ 14 (նախորդ տարի` 9), 3-րդ կարգի դիպլոմի՝ 19 (նախորդ տարի` 25), գովասանագրի՝ 27 (նախորդ տարի` 22) աշակերտ: Մրցանակների ընդհանուր հաշվարկով Լոռու մարզը երկրորդն է. զիջում է միայն Երևանին։

Քիմիա առարկայից Լոռու մարզն ունի 15 մրցանակակիր, ՀԵՊ-ից՝ 10, գրականությունից՝ 8, ՆԶՊ առարկայից՝ 7, ռուսաց լեզվից՝ 6, կենսաբանությունից՝ 5, պատմությունից՝ 5, հայոց լեզվից՝ 4, ֆրանսերենից՝ 4, աշխարագրությունից՝ 3, անգլերենից, ֆիզիկայից, մաթեմատիկայից՝ 1-ական:

Հ. Ավետիսյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորեց մրցանակակիրներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց կրթության ոլորտում ներդրած ջանքերի համար, մաղթեց խաղաղություն, նորանոր հաղթանակներ և հետագա հաջողություններ:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալագրերի արժանացան 2022-2023 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմների և գովասանագրերի արժանացած աշակերտները, իսկ մրցանակակիր սան կրթելու համար՝ նաև նրանց ուսուցիչները:

Միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական կատարումներով. պարային համարներով հանդես եկան Վանաձորի Ա.Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի սաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:50:35