Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր ՀՀ պետական դրոշի օրն է
15.06.2023

Հայաստանի դրոշը պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և Դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։ՀՀ դրոշի մասին առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թ. հունիսի 15-ին 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո։
Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։
Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։
Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։