Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արյան դոնորների համաշխարհային օրը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ կամավոր կերպով դարձան արյան դոնորներ

14.06.2023

Այսօր Արյան դոնորների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզի արյան փոխներարկման կայանում կազմակերպվել էր արյունատվության ակցիա, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, մարզպետի աշխատակազմի առողջապաhության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ պաշտոնյաներ, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարներ, բուժաշխատողներ, կամավորներ:
Օրվա առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել:
Մարզի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ակցիան նախաձեռնելու համար, կոչ արեց բոլորին միանալ այս կարևոր նախաձեռնությանը և փրկել կյանքեր.
- Դոնոր լինել նշանակում է գիտակցաբար ապրելու իրավունք պարգևել նրանց, ովքեր կյանքի ու մահվան կռիվ են տալիս: Մի՞թե կա ավելի վեհ գաղափար, քան կյանքեր փրկելու պատրաստակամությունը: Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ ամեն րոպե կարող է լինել մեկը, ով ունի հենց իր օգնության կարիքը և ի՛նքը, հենց ի՛նքը կարող է դառնալ այդ մարդու հույսն ու ապավենը: Այսօր իրականացվող ակցիայի նպատակն է նաև բարձրացնել արյան դոնորության մասին մարդկանց իրազեկվածությունը: Կարևոր է նաև, որ այս գաղափարը սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Լոռու մարզպետարանի պաշտոնյաներից շատերը, այդ թվում նաև՝ ես, պարբերաբար կամավոր հիմունքներով մասնակցում ենք այս ակցիային՝ նաև օրինակ ծառայելով հասարակությանը,-ասաց նա:
Իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց թեմի առաջնորդը: Նա նշեց, որ մարդկանց օգտակար լինելը, կյանքեր փրկելն աստվածահաճո գործ է:
Լոռու մարզի արյան փոխներարկման կայանի տնօրենին և աշխատակիցներին Վանաձորի բժշկական կենտրոնի կողքին մշտապես լինելու և դեպքերին արագ արձագանքելու համար շնորհակալության խոսք ասաց նաև բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:
Ներկաներից շատերը՝ Ռուզաննա Պողոսյանը, ՀՀ գրողների միության Լոռու մարզային կառույցի ղեկավար, «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը, Լոռու մարզի առողջապահական աշխատողների արհեստակցական միության նախագահ Լաուրա Հակոբյանն իրենց ելույթներում կարևորեցին և արժևորեցին դոնորության գաղափարը:
Լոռու մարզի արյան փոխներարկման կայանի տնօրեն Լիանա Մուրադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին, սրբազանին, բոլոր ներկաներին, դոնորներին, աջակիցներին իրենց կողքին լինելու, դոնորության գաղափարը կարևորելու և հանրայնացնելու համար: Նա նաև շնորհակալագրեր հանձնեց կայանի նվիրյալ աշխատակիցներին:
Հայկական կարմիր խաչի ընկերությունն այս տարի ևս ակցիայի կազմակերպման հավատարիմ գործընկերն է: Ընկերության կամավորները Երևանում և ՀՀ մարզերում, այդ թվում և Լոռու մարզում, հանրությանն իրազեկել են արյան դոնորության կանոնների և իմունիզացիայի կարևորության մասին, իսկ այսօր Լոռու մարզի արյան փոխներարկման կայանում աջակցում էին գործընթացի կազմակերպմանը:
Արյան դոնորների միջազգային օրը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ կամավոր կերպով դարձան արյան դոնորներ:Նրանցից շատերն, ի դեպ, տարիների փորձառություն ունեն արդեն:
Արյունատվության բոլոր մասնակիցներն արժանացան սիմվոլիկ նվերների, իսկ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի կողմից նաև՝ ներկայացումների հրավիրատոմսերի:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42