Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄարզMarket տոնավաճառ՝ Վանաձորում

12.06.2023

Վանաձորի «Արցախ» պուրակում անցկացվել է ՄարզMarket տոնավաճառը, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշպատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարի խորհրդական Արման Բերնեցյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ծրագրի պատասխանատուներ, գործարարներ ու հյուրեր։
Տոնավաճառը կազմակերպել էր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան՝ «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում՝ Լոռու մարզպետարանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ:
Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով)՝ Համաշխարհային բանկի համակարգման ներքո։
Տոնավաճառին ներկայացված էին 70 բիզնես տաղավարներ՝ մեղվաբուծությունից, հրուշակագործությունից, բանջարեղենի ու կաթնամթերքի արտադրությունից մինչև նորաձևության, դասապատրաստման, ավտոտեխսպասարկման ու գյուղատնտեսական ծառայություններ։ Փոքր ընտանեկան ձեռնարկությունները հիմնվել են «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրով, որի շրջանակում Լոռու մարզում ընտանեկան նպաստի 70 շահառուների տրամադրվել են մինչև 4000 դոլարի փոքր բիզնես դրամաշնորհներ։ Շահառուները ներգրավված են եղել ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացներում, որոնց ավարտին մշակել են բիզնես ծրագրեր։ Տեղական կոմիտեների կողմից գնահատվելու արդյունքում՝ լավագույն ծրագրերն արժանացել են դրամաշնորհի։
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը ողջույնի խոսքում նշել է, որ ծրագրի շնորհիվ շահառուները հնարավորություն են ունեցել ինքնադրսևորվելու, ստեղծագործելու և սեփական գործը հիմնելու։
- Ծրագրի գլխավոր կոմպոնենտը բնակիչներին նպաստ ստացողից վերածելն է գործարարի ու անգամ գործատուի։ Սա ևս մեկ քայլ է դեպի ավելի բարեկեցիկ ու զարգացած տնտեսությամբ ապագա,-ասել է փոխմարզպետը։
Քաղաքային տոնավաճառի այցելուները ծանոթացել են ընտանեկան բիզնեսների արտադրանքին, կատարել մատչելի գնումներ անմիջապես արտադրողից։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:28