Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նախակրթարան՝ այժմ արդեն Չկալով բնակավայրում
31.05.2023
ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Չկալով բնակավայրում հանդիսավորությամբ բացվեց նախադպրոցական կենտրոն, որը կրթական այլընտրանքային ծառայություն կմատուցի բնակավայրի 3-6 տարեկան փոքրիկներին:
Նախադպրոցական կենտրոնը ստեղծվել է ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում: Այս նախաձեռնությունը համահունչ է նաև Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025թթ. համագործակցության ծրագրին և 2021-2026թթ. պետության կողմից որդեգրված զարգացման ծրագրի կրթական նպատակներին: Կենտրոնի բացումը հնարավոր է դարձել Եվրոպական միության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Չկալովում նախակրթարանի ստեղծմանն աջակցել են նաև «Քայլառքայլ» հիմնադրամը և բարերար Սիլվա Մովսիսյանը: Այսպիսով, Լոռու մարզում այս նախաձեռնության շրջանակներում արդեն թվով տասը այլընտրանքային մանկապարտեզ է գործում, որից 5-ը՝ Թումանյան խոշորացված համայնքում:
Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության ներկայացուցիչ Սմբատ Ղահրամանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, «Քայլ առ քայլ» ծրագրի ներկայացուցիչները, բարերար Սիլվա Մովսիսյանը, հյուրեր:
Ողջույնի և շնորհակալության խոսք է ասել Հովհաննես Ավետիսյանը: Նա իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից երախտագիտոթյուն է հայտնել Եվրամիությանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին և մյուս գործընկերներին հերթական կարևոր ծրագիրը մարզում կյանքի կոչելու համար:
-Այսօր մենք միայն նախակրթարան չէ, որ բացում ենք: Սա ապագային միտված ծրագիր է, որն իր հետ բնակավայրի համար բերելու է շղթայական զարգացում, ամուր է պահելու գյուղն ու նպաստելու է, որ այստեղ շատ երեխաներ ծնվեն,-ասել է փոխմարզպետը:
Սիլվիա Մեստրոնին իր խոսքում շնորհավորել է համայնքին նման գեղեցիկ նախակրթարան ունենալու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, Լոռու մարզպետարանին և համայնքապետարանին ծրագրի իրականացմանն աջակցելու և անհրաժեշտության դեպքում ցանկացած հարցում սատարելու համար:
-2014-2017թ.թ. Լոռու մարզում նմանատիպ 4 նախակրթարանների հիմնումը հիմք հանդիսացավ, որ այս ծրագիրը օրինակելի դառնա և մենք այն կարողանանք իրագործել նաև Հայաստանի Հանրապետության այլ համայնքներում: Այս ծրագրի շրջանակներում ամենաշատ նախակրթարանները կառուցել ենք հենց Լոռու մարզում,- ասել է նա:
Սուրեն Թումանյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով մեծ աջակցության համար, նշել է, որ Չկալովում նախակրթարանի բացմամբ՝ Թումանյան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերն այլևս ունեն նախադպրոցական կրթական հաստատություններ:
ՀՀ ՏԿԵ նախարարի և նախարարության պաշտոնյաների անունից ծրագրի իրագործումը ողջունել և բոլոր աջակիցներին շնորհակալություն է հայտնել նաև Սմբատ Ղահրամանյանը:
Ներկաները շրջել են նախակրթարանի տարածքում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Այստեղ առայժմ կհաճախի 6 երեխա, առաջիկայում նրանց թիվը կհամալրիվի ևս 6-ով: