Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում վերանորոգվել է Վանաձորի ՏՄԱԿ-ը

31.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մասնակցել են Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը:
Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Վանաձորի ՏՄԱԿ-ի բացմամբ՝ ամփոփվել է ծրագիրը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, պաշտոնատար այլ անձինք:
Նախարարը նշել է, որ ծրագրի շրջանակում Լոռիում, Սյունիքում և Շիրակում, հնարավոր է դարձել ներառականության պահանջներին համապատասխանեցնել ուսումնական հաստատությունների ու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների պայմանները:
Ըստ նախարարի՝ համընդհանուր ներառումն իրողություն է՝ ինչպես նախադպրոցական, այնպես էլ՝ արհեստագործական և մասնագիտական կրթության ոլորտներում: Հիմնական նպատակը ՏՄԱԿ-ների հզորացումն է՝ աջակցելու մանկավարժներին, ուսուցիչներին, դասախոսներին, ինչպես նաև գնահատելու սովորողների կարիքներն ու տրամադրելու այն ծառայությունները, որոնց անհրաժեշտությունը կա, և դրանք հասանելի չեն ուսումնական հաստատության մակարդակում:
Ժաննա Անդրեասյանը նաև բարձր է գնահատել գործընկերների հետ համագործակցությունը, որի շրջանակում իրականացվել են համընդհանուր ներառականության բարելավման աշխատանքները.
-Կարծում եմ՝ այսօր մի կողմից ամփոփում, մյուս կողմից ամրագրում ենք կրթական համակարգում ներառականության ամրապնդմանն ուղղված բարեփոխման միջանկյալ արդյունքները: Շատ ուրախ եմ, որ այդ երկար և դժվար ճանապարհին ունենք այնպիսի հուսալի գործընկերներ, ինչպիսիք են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ԱՄՆ կառավարությունը, որոնց հետ համատեղ իրականացրել ենք այս կարևոր ծրագիրը»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հավելել է, որ ներառական կրթությունն ու յուրաքանչյուր երեխայի համար կրթության հնարավորությունների ստեղծումը պետական քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է։
Ծրագրի իրականացման և համագործակցության համար շնորհակալություն է հայտնել նաև Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը։ Նա վստահություն է հայտնել, որ տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պատրաստակամ են հնարավոր աջակցություն ցուցաբերելու պետական և միջազգային ծրագրերին՝ ի նպաստ համայնքի զարգացմանը։
Ողջույնի խոսքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն արդյունավետ է գնահատել ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությունը:
ՏՄԱԿ-ի տնօրեն Սասուն Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականից կենտրոնն աջակցում է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններին։ 2023 թ. կներգրավվեն նաև քոլեջներն ու ուսումնարանները։ Ընդհանուր առմամբ՝ Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը կսպասարկի 92 դպրոց, 23 նախադպրոցական հաստատություն, 6 քոլեջ՝ ներառյալ Ալավերդու մասնաճյուղը։
Հյուրերը շրջել են ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին, դիդակտիկ հագեցվածությանը և գործունեությանը։ Ծրագրի շրջանակում նորոգվել և կահավորվել են 5 սենյակ և 7 առաջնային կարիքի ենթակառուցվածք։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36