Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը բարձր մակարդակով ներկայացավ «Ճանաչիր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսին

29.05.2023

Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ` մայիսի 27-ին և 28-ին Երևանի Խաչքարերի պուրակում անցկացվեց «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցեց նաև Լոռու մարզը:

Միջոցառման Լոռու մարզի աշխատանքները համակարգել, մշակել և իրականացրել էր Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը՝ «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնի և «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Մարզն առանձին տաղավարով ներկայացավ իր զբոսաշրջային հնարավորություններով, խոհանոցով, մարզի արտադրանքով, մշակութային կոլորիտով՝ առաջնային նպատակ ունենալով մեծապես նպաստել մարզում գործող զբոսաշրջային բիզնեսների ներկայացվածությանը:

Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, բաժնի ավագ մասնագետ Անի Մալոյանը, «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Քրիստինե Հովսեփյանը, ՔՈԱՖ-ի «Այցելուների կենտրոնի» տեղեկատու Լիլիթ Ամիրաղյանը, ՀԿ-ի ներկայացուցիչների հետ այցելուներին ծանոթացրին Լոռու մարզի զբոսաշրջային հնարավորություններին, Լոռու հարուստ մշակութային ժառանգությանը, հրաշագեղ բնությանը, արկածային տուրիզմի հնարավորություններին, զբոսաշրջային ծառայություններին: Բացօթյա ցուցահանդեսին ներկայացված էին նաև լոռեցի արվեստագետների ձեռքի աշխատանքները, Լոռու մարզի յուրօրինակ բուսատեսակները, պանիրները և այլ արտադրանքներ:

Կազմակերպվեցին նաև մշակութային ցուցադրություններ։ Խաչքարերի պուրակում «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնի սաները ներկայացան Կոմիտասի երգացանկի կատարումներով՝ մեծ էկրանին ցուցադրելով նաև Լոռու չքնաղ բնության պատկերները: Փամբակ համայնքի «Հեքիաթի տան» սաները հանդես եկան բեմականացումներով և ազգային երգ ու պարով՝ համախմբելով նաև միջոցառման մասնակիցներին:

Արկածային տաղավարում էքստրեմալ ճամփորդությունների սիրահարները ծանոթացան մարզի արկածային զբոսաշրջային հնարավորություններին՝ մասնավորապես ռաֆտինգ հանգստի էքստրեմալ տեսակին: Գաստրո տաղավարում խոհարարները շեֆ-խոհարար Վազգեն Խաչիկյանի հետ հյուրերին ներկայացրեցին յուրահատուկ ուտեստ՝ «Լոռվա բորանին»: Լոռու մարզի գաստրո տաղավարն իր շուրջն էր համախմբել բազմաթիվ հյուրերի, ովքեր նաև օգտվեցին հյուրասիրությունից:

Ցուցահանդեսի ընթացքում Լոռու մարզի տաղավարում անցկացվեցին նաև իլիկի միջոցով թել մանելու և արիշտայի պատրաստման վարպետաց դասեր։

Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև համաժողով՝ զբոսաշրջային կազմակերպությունների մասնակցությամբ: Մասնագետները քննարկել են Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, խնդիրները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28