Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի երկաթուղային գծանցերում երթևեկության անվտանգության կանոնների իրազեկման միջոցառում է անցկացվել

24.05.2023

Լոռու մարզպետարանի և Պարեկային ծառայության հետ համատեղ Հարավկովկասյան երկաթուղին այսօր իրազեկման ակցիա է իրականացրել մարզի երկաթուղային գծանցումներում։
Երկաթուղում ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների մասնակցությամբ վթարային պատահարները կանխելու նպատակով իրականացված ակցիայի շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին բաժանվել են անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական նյութեր՝ բացատրելով առավել հաճախ պատահող վթարային իրավիճակներից խուսափելու համար վարորդների պարտականությունները։
Ակցիային մասնակցում էին Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանը, երկաթուղու «Վանաձոր» գծային-կայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանը, երկաթուղու անվտանգության ծառայության մասնագետներ և Պարեկային ծառայության աշխատակիցներ։
Հիշեցում․
Երկաթուղային գծանցը ճանապարհի բարդ և վտանգավոր հատվածներից մեկն է, որը պահանջում է կենտրոնացված ուշադրություն և ճանապարհային երթևեկության կանոնների խիստ պահպանում։
Տրանսպորտային միջոցների վարորդները երկաթուղային գծերը կարող են հատել միայն երկաթուղային գծանցերով` ճանապարհը զիջելով գնացքին։
Երկաթուղային գծանցին մոտենալիս վարորդը պետք է ղեկավարվի գծանցի հերթապահի ցուցումներով, երկաթուղային գծանցերով երթևեկությունը կարգավորելու համար նախատեսված լուսացույցերի, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով, համոզվի, որ գծանցին գնացք չի մոտենում, և դրանից հետո միայն անցնի գծանցը:
Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծի, 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ ավելի, քան 5 մ, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ մոտակա ռելսից 10 մետրից ոչ մոտ։
Կանգնեցրեք տրանսպորտային միջոցը և բաց թողեք գնացքը
Արգելվում է ինքնակամ բացել ուղեփակոցը։
Ուղեփակոցներով գծանցումներում լուսացույցի վրա կարմիր ազդանշան հայտնվելիս, մուտք մի՛ գործեք գծանց։
Երբ տրանսպորտային միջոցը մոտենում է գծանցին և անցնում է նրանով, մի՛ շեղվեք զրույցով ուղևորների հետ։
Արգելվում է շրջանցել գծանցին կանգնած տրանսպորտային միջոցները՝ մուտք գործելով հանդիպակաց երթևեկության գոտի։
Մի՛ շլացրեք հանդիպակաց երթևեկության գոտիով շարժվող տրանսպորտային միջոցների վարորդներին։
Գծանցի վրա հարկադիր կանգնելու դեպքում վարորդը պետք է անմիջապես իջեցնի մարդկանց և միջոցներ ձեռնարկի գծանցի ազատման համար։
Կանգառի ազդանշան է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը՝ պայծառ գույնի կտորով կամ լավ տեսանելի առարկայով, գիշերը՝ ջահով կամ լապտերով)։
Ընդհանուր տագնապի ազդանշան է մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59