Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում շինարարական եռուզեռ է. մարզի ղեկավարը հետևում է աշխատանքների ընթացքին

17.05.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և ավագանու անդամների ուղեկցությամբ աշխատանքային օրն անցկացրեց Վանաձորի շինհրապարակներում՝ հետևելով սուբվեցնիոն ծրագրերով և պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող քաղաքաշինական և ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին:
Ինչպես հայտնի է, ավագանու նիստեր չգումարվելու պատճառով, 2022թ. սուբվենցիոն ծրագրերը հնարավոր եղավ մեկնարկել միայն այս տարի՝ 16 ծրագիր՝ ավելի քան 2 մլրդ 80 մլն դրամ արժողությամբ: 2023թ. համար համայնքը ներկայացրել է ևս 3 ծրագիր՝ շուրջ 600 մլն դրամ արժողությամբ:
Աշխատանքների մեծ մասի մեկնարկն արդեն իսկ տրված է, մյուսները կսկսվեն հաշված օրերի ընթացքում:
- Մեր սիրելի Վանաձորը և խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերը վերածվել են մեծ շինհրապարակի. նախատեսվում է կառուցել և բարեկարգել ճանապարհներ, բակեր, բարելավել ենթակառուցվածքները, կառուցել մանկապարտեզներ, մշակութային և սպորտային հաստատություններ և այլն: Աշխատանքների մի մասն արդեն ավարտին կհասցվի այս ամռան ընթացքում, մի մասն էլ՝ մինչև տարեվերջ, ունենք նաև ծրագրեր, որոնք երկու փուլով կիրականացվեն՝ այս և հաջորդ տարի,- ասաց մարզի ղեկավարը և վերահաստատեց. խստագույն կերպով, ամենօրյա ռեժիմով հետևելու են աշխատանքների որակին և ժամկետներին:
Այցի առաջին կանգառը՝ Գուգարք համայնքում էր: Այստեղ կհիմնանորոգվեն Էներգետիկների 5-րդ փողոցը և Քոթեջային 1,2,3,4,9-րդ փողոցները, 14-րդ փողոցում կկառուցվի սելավատար՝ ընդհանուր մոտ 108 մլն 803 հազար դրամ արժողությամբ: Նախատեսվում է երկու փուլով Գուգարք բնակավայրում նաև մանկապարտեզ կառուցել (առաջին փուլ՝ 90 մլն 213 հազար դրամ, երկրորդ փուլ՝ 210 մլն դրամ ): Ի դեպ,երկրաշարժից հետո, բնակավայրի մանկապարտեզը գործել է տնակային պայմաններում: Շուրջ 130 երեխայի համար կառուցվող մանկապարտեզը կունենա բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների նախադպրոցական կրթությունը և ժամանցը պատշաճ կազմակերպելու համար:
Այցի ընթացքում մարզի ղեկավարը շրջեց նաև հիմնանորոգվող Գ. Նժդեհ (368 մլն 103 հազար դրամ), Հր. Ներսիսյան (388 մլն 640 հազար), Հ. Զաքարյան (248 մլն 195 հազար դրամ), Ավ. Իսահակյան (135 մլն 803 հազար դրամ) փողոցներում, որտեղ աշխատանքային եռուզեռ էր, և շինարարության պատասխանատուները վստահեցրեցին, որ ճանապարհները շահագործման կհանձնեն մինչև հուլիս, օգոստոս ամիսներ:
Այցելություն կատարվեց նաև Շահումյան և Դարպաս բնակավայրեր: Շահումյանում կհիմնանորոգվեն 1,2,4,5,6,9 փողոցները (ծրագրի արժեքը՝ 179 մլն 627 հազար դրամ), իսկ Դարպասում՝ 3-րդ և 4-րդ փողոցները՝ 68 մլն 962 հազար դրամ արժեքով: Վանաձոր խոշորացված համայնքում, այսպիսով, սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվի և կասֆալտապատվի 10 կմ ճանապարհ:
Արամ Խաչատրյանը ուղեկցող պաշտոնյաների հետ հետևեց նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարության պատվիրատվությամբ և ամբողջությամբ պետբյուջեի միջոցներով Վանաձորում իրականացվող Խորենացի, Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Մոսկովյան փողոցների, Կոմիտաս Վարդապետի հրապարակից մինչև Նարեկացի փողոց տանող էստակադայի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին (ծրագրերի ընդհանուր արժեքը՝ 2 մլրդ 320 մլն դրամ), որը ևս կկազմի 10 կմ: Այստեղ շինարարները նշեցին, որ ճանապարհներն ամբողջությամբ կշահագործվեն մինչև նոյեմբեր: Մարզի ղեկավարի հարցին ի պատասխան՝ նրանք տեղեկացրեցին, որ շինաշխատանքները մեծ մասամբ իրականացնում են տեղի բնակիչները, ինչը նաև զբաղվածության խնդիրն է լուծում:
- Վանաձորի սրտում տեղակայված այս փողոցներում գրեթե կես դար նման մասշտաբային հիմնանորոգում չի եղել և ես վստահ եմ, որ աշխատանքները կիրականացվեն այնքան որակով, որ առաջիկա տասնամյակներին այս փողոցները լիարժեքորեն կծառայեն մարզկենտրոնի բնակիչներին և կգեղեցկացնեն քաղաքը:
Ի դեպ, դարձյալ ամբողջությամբ պետբյուջեի միջոցնեով կիրականացվի նաև Վանաձորի Սանկտ Պետերբուրգ, Տիգրան Մեծ պողոտայի՝ Հայքի հրապարակից մինչը Շիրակացի փողոց տանող ճանապարհների հիմնանորոգումը: Ծրագիրը նախահաշվային փուլում է, սակայն պատասխանատուները վստահ են, որ այս աշխատանքները ևս կմեկնարկեն այս տարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 09:47:46