Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Ալավերդի խոշորացված համայնք

15.05.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն մայիսի 12-ին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Ալավերդի խոշորացված համայնքում էր:
Մարզի ղեկավարին էր միացել նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Աշխատանքային ողջ օրվա ընթացքում նրանք հետևեցին սուբվենցիոն միջոցներով և պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ շինաշխատանքների ընթացքին:
2022թ. Ալավերդի խոշորացված համայնքի բնակավայրերում ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 1 մլրդ 605 մլն դրամի 17 սուբվենցիոն ծրագիր:
Դրանց մի մասն ավարտին է հասցվել նախորդ տարեվերջին, մի մասը դեռևս ընթացքի մեջ է:
2023թ. համար համայնքը ներկայացրել է 6 սուբվենիցոն ծրագիր՝ ընդհանուր 1 մլրդ 49 մլն դրամ արժողությամբ:
Առաջին կանգառը Օձունի մարզաառողջարանային համալիրում էր: Վերջինիս կառուցման երկրորդ՝ ավարտական փուլը մեկնարկել է նախորդ տարի սեպտեմբերին և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի: Ծրագրի ընդհանուր արժողությունը 93 մլն դրամ է: Մարզաառողջարանային համալիրը կունենա 3 մարզասրահ, որոնցից մեկն՝ ընդարձակ, մյուս երկուսը՝ նախատեսված ֆիտնես պարապմունքների համար, նաև սանհանգույցներ, հանդերձարաններ, ապաստարան, և կծառայի տարածաշրջանի բնակչությանը:
Մարզի ղեկավարը և ԱԺ պատգամավորը հետևեցին նաև Մ6 (Ալավերդի) - Սանահին թաղամաս - Ակներ և դեպի Սանահին վանական համալիր տանող ավտոճանապարհների 9.38 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի շինաշխատաքների ընթացքին (պայմանագրային արժեքը՝ 1.99 մլրդ. դրամ): Շինարարության պատասխանատուները վստահեցրեցին, որ աշխատանքները կավարտեն մինչև տարեվերջ և կիրականացնեն բարձր որակով:
Ալավերդի բնակավայրում այց կատարվեց նաև Ալավերդու թիվ 12 և թիվ 2 դպրոցների շինհրապարակներ:
Ինչպես հայտնի է, ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ Ալավերդու թիվ 12 դպրոցի համար կառուցվում է մարզադահլիճ, իսկ թիվ 2 դպրոցի համար՝ նոր շենք: Մարզի ղեկավարին զեկուցվեց, որ թիվ 12 դպրոցի մարզադահլիճի և կից կաթսայատան կառուցումը, թիվ 2 դպրոցի կառուցումը ժամանակացույցով չի ընթացել, մի շարք խնդիրներով պայմանավորված՝ հապաղումներ են եղել, սակայն այժմ աշխատանքները նոր թափ են ստացել: Ա. Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարեց ամենօրյա ուշադրության տակ առնել խնդիրները և հետևել, որ աշխատանքներն այսուհետ ընթանան բնականոն հունով:
Շնող բնակավայր այցի ընթացքում պաշտոնյաները եղան կենտրոնական այգու տարածքում, որը վերանորոգվել է նախորդ տարի սուբվենցիոն միջոցներով, հետևեցին փողոցների հիմնանորոգման աշխատանքներին, եղան նաև «Հեքիաթ» մանկապարտեզում, որտեղ բարեկարգվել է մանկապարտեզի տարածքը, նաև կցակառույց է կառուցվել:
Մարզի ղեկավարն, ընդհանուր առմամբ, իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների որակից:
Ալավերդի համայնքի Աքորի, Ակներ, Ծաղկաշատ, Հաղպատ, Սանահին, Ջիլիզա և Կաճաճկուտ բնակավայրերում նախորդ տարի մեկնարկած սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի վերանորոգում և վերակառուցում է իրականացվում (ծրագրի ընդհանուր արժողությունը 80.107 մլն դրամ է): Հաղպատ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման հետ կապված մարզի ղեկավարն իր նկատառումները հայտնեց՝ ընդգծելով աշխատանքների անհամապատասխանությունը նախագծի հետ և հանձնարարեց հանգամանորեն ուսումնասիրել ամբողջական ծրագիրը՝ շրջայցեր կատարելով բոլոր բնակավայրեր:
Նա կարևորեց իրականացվող բոլոր ծրագրերը բարձր որակով և ժամկետների մեջ ավարտելու անհրաժեշտությունը.
-Մեր պահանջը բոլոր շինարարներից ի սկզբանե մեկն է եղել. պետական բյուջեից ֆինանսավորվող բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն ամենաբարձր որակով, այլապես չեն ընդունվի և չեն ֆինանսավորվի, -ասաց Ա. Խաչատրյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 13:59:55