Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը Տաշիր խոշորացված համայնքում հետևել է իրականացվող շինաշխատանքների ընթացքին
04.05.2023
Տաշիր խոշորացված համայնքում 2022 թ.-ին նախատեսված է եղել իրականացնել 20 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր մոտ 1 մլրդ. 238 մլն. դրամ պայմանագրային արժեքով: Որոշ ծրագրեր, թեև տեղափոխվել են 2023 թ., սակայն առաջիկայում ավարտին կհասցվեն:
Մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանի, համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, մի խումբ պատասխատու պաշտոնայների ուղեկցությամբ այսօր Սարատովկա, Մեծավան, Սարչապետ, Նորաշեն, Տաշիր բնակավայրերում հետևել է շինաշխատանքների ընթացքին:
Սարատովկա բնակավայրում մայթեր են սալարկվել, Նորաշենում՝ ներբնակավայրային ճանապարհներ, Մեծավանում ներհամայնքային ճանապարհներ են նորոգվել՝ տուֆ քարով սալարկմամբ, զբոսայգին է բարեկարգվել, կանաչապատվել, խաղահրապարակ է կահավորվել, մարզադահլիճի տարածքն է պարսպապատվել, վերջինիս համար նաև գույք է ձեռքբերվել, տեխնիկայի համար կայանատեղի է կառուցվել, Աբովյան փողոցի ջրահեռացման համակարգն ու սելավատարն է կառուցվել, մի շարք փողոցներում արդիականացվել է լուսավորության համակարգը, բնակավայրի կոյուղին է հիմնանորոգվել:
Սարչապետ բնակավայրում մարզի ղեկավարը եղել է մշակույթի տանը, որն ամբողջությամբ հիմնանորոգվել է և կարող է ծառայել տարբեր միջոցառումների համար, այստեղ կգործեն նաև պարի, սպորտային խմբակներ: Սարչապետում ճանապարհներ են սալարկվել՝ տուֆ քարով, բարեկարգվել է հանդիսությունների սրահի տարածքը:
Մարզի ղեկավարն, ընդհանուր առմամբ, իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների որակից՝ հույս հայտնելով, որ մանր թերությունները շատ արագ կշտկվեն, և շինօբյեկտները շահագործման կհանձնվեն սահմանված ժամկետներում:
- Սուբվենցիոն ծրագրերը մեծագույն աջակցություն են մեր համայնքների համար և հնարավորություն են տալիս էականորեն բարելավելու ենթակառուցվածքները, նաև տեղաբնակներին իրենց համայնքներում աշխատելու և արտերկիր չմեկնելու հնարավորություն են ընձեռում,-ասել է մարզի ղեկավարը:
Ի դեպ, այս տարի Տաշիր խոշորացված համայնքը 5 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ 826 մլն. դրամ ընդհանուր արժեքով, որոնք արդեն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը: