Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր անտառ՝ հայկական դրամի 30-ամյակի առթիվ

02.05.2023

ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի Բանկերի միությունը և հանրապետության 18 առևտրային բանկերը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնում են 50 հա նոր անտառ՝ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար բնակավայրերում՝ տնկելով 160 000 ծառ (կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ)։ Հիմնվող անտառը, որպես մնայուն արժեք, խորհրդանշելու է ազգային արժույթի հարատևությունը։

Նոր ստեղծվող անտառի 20 հեկտարը լինելու է Ջրաշեն բնակավայրում, ևս 30 հեկտարը՝ Ուրասարում։

Ապրիլի 29-ին անտառհիմնման աշխատանքներին մասնակցեցին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի այլ պաշտոնյաներ: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի գլխավորությամբ իրենց անհատական մասնակցությունն ունեցան նաև Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ Մհեր Անանյանը, գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, առևտրային բանկերի ղեկավարներն ու աշխատակիցները, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը, այլ հյուրեր։ Ջրաշեն բնակավայրում գտնվող «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության անտառտնկման տարածքում՝ Ջրաշեն 2-ում, բոլոր հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդանշական ծառատունկ, տնկվեցին հայկական տեղական անտառային ծառատեսակներ։
Ծառատունկից հետո մարզի ղեկավարը, հյուրերն այցելեցին նաև «Իմ անտառ Հայաստանի» Գուգարքի «Պենժամին Գումուշճեան» տնկարան, որտեղ կարճ շրջայց կատարելուց հետո Մարտին Գալստյանը, Մհեր Անանյանը և Անտրէ Գումուշճեանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Համայնքային հողի օգտագործման ժամկետի ավարտին հողերը և դրա վրա ձևավորված անտառային էկոհամակարգը կվերադարձվեն համայնքին: Հայաստանը սակավանտառ երկիր է, և անտառածածկույթի ներկա տոկոսը բավարար չէ երկրի բնական էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար։ Այս միջոցառումը ֆինանսաբանկային համակարգի կողմից մնայուն արժեքներ ստեղծելու, սոցիալական պատասխանատվության և բնության պահպանման լավագույն օրինակներից է:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24