Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«ՀՀ Քաղաքացու օրը» Լոռու մարզում
02.05.2023
2019 թվականի ապրիլի 9-ից ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Տոների և հիշատակի» օրերի մասին օրենքում կատարված փոփոխությամբ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օր:
Օրվա կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, Լոռի Բերդ համայնքներում:
Վանաձորում Քաղաքացու օրվա առթիվ միջոցառում էր կազմակերպվել Ստեփան Զորյանի տուն֊ թանգարանում։ Վանաձորի թիվ 5 և թիվ 11 ավագ դպրոցների մի խումբ աշակերտներ, ՎՊՀ-ի հենակետային վարժարանի «Բանավեճի խմբի» անդամները Ստեփան Զորյանի տուն-թանգարանում հանդիպել են պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ։
Քաղաքացու օրվա առթիվ Սպիտակ համայնքում կազմակերպվել են տոնական մի շարք միջոցառումներ: Օրվա գլխավոր միջոցառումը «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի դահլիճում էր:
Տոնի առթիվ Թումանյան քաղաքի մշակութի տանը հյուրընկալվել են Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն ` Հովիկ Մանուկյանը, ՀՀ սպորտի վաստակավոր մարզիչ Աղասի Գալստյանը։
Ալավերդու մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Քաղաքացու օրվան։ Բանախոսը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյան էր:
Ստեփանավան համայքնում ևս կազմակերպվել է միջոցառում, որի բանախոսն էր դաշնակահար, Արտկոնցեպտ միջազգային ասոցացիայի գործադիր տնօրեն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր, դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի ծոռ՝ Արմեն Մանասյանը: Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում կազմակերպված միջոցառման բանախոսության ընթացքը վարել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանի տնօրեն Հերմինե Ջանջուղազյանը:
Տաշիր համայնքի երիտասարդները հյուրընկալել են անվանի ռեժիսոր Յուրի Երզնկյանի դուստր՝ կինոգետ, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանին։ Շուրջ երկու ժամ ջերմ և մտերմիկ մթնոլորտում հնչել են հարց և պատասխաններ հայրենասիրության, մշակույթի, կյանքի և գործունեության, արհեստների ու արվեստների տիրապետող քաղաքացու առավելությունների, լավագույն ֆիլմերի, մասնագիտության ընտրության, մարտահրավերների, «որտեղից է սկսվում քաղաքացի դաստիարակելու գործընթացը» և այլ հարցերի շուրջ։
Լոռի Բերդ համայնքի Ագարակի միջնակարգ դպրոցի դահլիճում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Քաղաքացու օրվան։ Բանախոսը՝ Արմեն Բեժանյանը, ներկայացնելով իր անցած ճանապարհը, խոսել է մերօրյա քաղաքացու, նրա կերպարի, պահանջների և պատկերացումների մասին՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին: