Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի 85-ամյակը
20.04.2023
Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ հարազատ հարկի տակ, նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ծննդյան 85-ամյակը։
Հակոբ Ազիզյանն արդեն շուրջ 60 տարի Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում է՝ կերտելով ավելի քան 100 դերեր։
1995-2000 թ.թ եղել է թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 2001-2002թթ` գլխավոր ռեժիսորը:
Հոբելյանական երեկոն նշանավորվեց «Մատյան ողբերգություն» ներկայացմամբ, որտեղ Գրիգոր Նարեկացու դերում հոբելյարն էր։ Ցուցադրվեց նաև արտիստի ստեղծագործական կյանքի մասին պատմող ֆիլմ։
Մեծանուն դերասանին շնորհավորելու և նրա արվեստով հիանալու էին եկել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզային և համայնքային իշխանությունների, թատերական աշխարհի ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից շնորհավորանքի խոսքեր հնչեցրեց Հովհաննես Ավետիսյանը՝ դերասանին հանձնելով Լոռու մարզպետի շնորհակալագիրը և մաղթելով առողջություն ու անսպառ եռանդ:
Միջոցառման ավարտին իր երախտագիտության խոսքն ասաց նաև հոբելյարը: