Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն ընդունեց «Իմ կյանքը համայնքում» ծրագրով Լոռու մարզում հյուրընկալված աշակերտներին
19.04.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց ԿԶՆԱԿ հիմնադրամի «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման մեկշաբաթյա ծրագրով Լոռու մարզում հյուրընկալված 5 աշակերտներին, ովքեր ուսման և ճանաչողական այցի նպատակով այս օրերին Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցում են: Նրանց ուղեկցում էր դպրոցի տնօրեն Աղասի Թովմասյանը:
Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Լոռու մարզպետը, ողջունելով աշակերտներին, հորդորեց շատ սիրել հայրենիքը, լավ սովորել, երբեք չհանձնվել, հավատալ սեփական ուժերին։ Արամ Խաչատրյանը պատասխանեց պատանիների հարցերին և մաղթեց տպավորիչ ու հիշարժան օրեր Լոռու մարզում:
Հյուրընկալված աշակերտները Սյունիքի մարզի Դարբաս գյուղի միջնակարգ և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցներից են: Վանաձորի թիվ 21 դպրոցից էլ Սյունիքում է 3 աշակերտ:
Նրանք այս շաբաթ կսովորեն հյուրընկալած համայնքի դպրոցում, կծանոթանան կրթօջախի առօրյային, հյուրընկալող ընտանիքներում՝ ընդունված ավանդույթներին, իրենց համար նորովի կբացահայտեն Հայաստանի այս գողտրիկ անկյունը՝ Լոռին:
Դպրոցի տնօրենը մարզպետին տեղեկացրեց, որ երեխաների մի մասն այս օրերին բնակվում են ուսուցիչների տներում, մյուսներն էլ՝ դպրոցում սովորող աշակերտների ընտանիքներում: Նա նշեց նաև, որ համատեղ և միասնական ուժերով դպրոցն ամեն ինչ անում է, որ երեխաների ամեն օրը տպավորիչ և հիշարժան դառնա: Յուրաքանչյուր օրվա համար բովանդակալի օրակարգ է կազմվել. այցելություններ թանգարաններ, մարզի զբոսաշրջային տեսարժան վայրեր, պատմամշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ, սրճարաններ, այգիներ և այլն:
Հանդիպման ավարտին Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցի տնօրենն իր աշակերտների պատրաստած շնորհակալագրով պարգևատրեց Լոռու մարզպետին և նրան հանձնեց դպրոցում գործող ինժեներական լաբորատորիայում ստեղծված հուշանվերները: