Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին վարժական առաջին հավաքի մասնակիցները
17.04.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա է եղել այս տարվա վարժական առաջին հավաքի մասնակիցների համար կազմակերպված միջոցառմանը։ Ներկա են եղել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Սամվել Գևորգյանը, մարզպետարանի պաշտոնյաներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Միջոցառումը մեկնարկել է 3-րդ բանակային կորպուսի հոգևոր սպասավոր Սիմոն սարկավագի օրհնության աղոթքով։
Լոռու մարզպետը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել վարժական առաջին հավաքին ակտիվորեն մասնակցելու և Հայրենիքին պատվով ծառայելու համար։
-Ապրե՛ք տղեք, որ բարձր եք պահել հայի, լոռեցու պատիվը, թասիբը: Վստահ եմ, յուրաքանչյուր հայ տղամարդ քաջ գիտակցում է, որ ծառայությունը Հայրենիքին իր մեծագույն առաքելությունն է այս երկրի վրա: Մեր պետության սահմանների ամրությունը, անառիկությունը կախված է յուրաքանչյուրիցս ու առաջին հերթին իր հող ու ջրին նվիրված քաջերից: Ուզում եմ մեկընդմիշտ բոլորս մեր մտքում ամրագրենք ու հաստատենք նաև, որ ոչ ոք աշխարհում մեզնից բացի մեզ չի պաշտպանելու: Եթե մենք լինենք միասնական, համախմբված և մեր երկրին նվիրված հայորդիներ, մեզ ոչ ոք աշխարհում չի կարող հաղթել,- ասել է մարզի ղեկավարը։
Ներկա հրամանատարները վարժական հավաքի մասնակիցներին հորդորել են լինել զգոն, պատասխանատու և հավաքների ընթացքում ձեռք բերած գիտելիքները անհրաժեշտության դեպքում ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության գործին։
ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, ամփոփելով վարժական հավաքների կազմակերպումը, նշել է, որ պահեստազորայինների շրջանում բարձր է հավաքներին մասնակցելու պատրաստակամությունը։ Գնդապետը նաև շնորհակալություն է հայտնել Լոռու մարզպետարանին մշտապես համագործակցելու համար։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի և ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից վարժանքների մասնակիցներին հանձնվել են պատվոգրեր, պարգևներ և մեդալներ՝ պահեստազորայինների հետ անցկացված վարժական հավաքների ընթացքում մասնագիտական բարձր պատրաստվածություն ցուցաբերելու, մարտական դիրքերում ցուցաբերած մարտական և մասնագիտական բարձր պատրաստվածության, զգոնության, բարեխիղճ ծառայության և զինվորական օրինակելի կարգապահության համար։