Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի առաջին հարցազրույցը՝ Լոռու մարզպետի հետ
14.04.2023
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի շրջանակներում այսօր հյուրընկալվել էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի աշխատասենյակում:
Մեդիա նախագիծը մեկնարկել են 2023 թ. հունվարին՝ նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդների դերը հասարակության մեջ և դարձնել նրանց ձայնը լսելի՝ երիտասարդության խնդիրների ու երիտասարդական նախաձեռնությունների անաչառ լուսաբանման միջոցով։
Նրանք մարզի ղեկավարին տեղեկացրեցին, որ նախագծի շրջանակներում պատրաստվելու է մարզերի երիտասարդական նախաձեռնությունների, երիտասարդության հիմնահարցերի, առկա հնարավորությունների մասին պատմող հաղորդաշար, որը կրելու է «Խոսում են երիտասարդները» խորագիրը։ Առաջին մարզը, որտեղ այցելել են, Լոռին է և առաջին հանդիպումը Լոռու մարզպետի հետ է:
Լրագրության և երիտասարդական քաղաքականության ոլորտում վերապատրաստված երիտասարդները և նկարահանող խումբը Արամ Խաչատրյանի հետ անցկացրեցին հարցազրույց Լոռու մարզում երիտասարդությանն առնչվող հարցերի, նրանց նախաձեռնությունների և ձեռքբերումների, առկա խնդիրների վերաբերյալ:
Մարզպետը հարցազրույցի շրջանակներում նշեց, որ մարզի երիտասարդները բավականին ակտիվ են բոլոր բնագավառներում: Նրանք հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններում, ընդգրկվում են տարբեր գիտական, մշակութային, սպորտային, ժամանցային ծրագրերում: Նա ասաց, որ երիտասարդներից շատերը կամ իրենք են գլխավորում տարբեր հասարակական կազմակերպություններ կամ ամենաակտիվ ձևով ներգրավված են հասարակական կազմակերպություններում, հանդես են գալիս՝ որպես քաղհասարակության ակտիվ անդամներ և իրենց համայնքներում մասնակցում են տարբեր կարևոր հարցերի քննարկմանը, որոշումների կայացմանը:
-Ինձ շատ է ուրախացնում, որ մեր մարզի երիտասարդները ակտիվ մասնակցություն են ունենում գիտական մրցույթներում՝ մասնավորապես՝ նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, մաթեմատիկային, քիմիային, ֆիզիկային և գրանցում լուրջ հաջողություններ: Քիչ չեն մեր մարզի երիտասարդների ձեռքբերումները նաև սպորտի տարբեր ճյուղերում, երգի, պարի ասմունքի բնագավառներում և այլն,-ասաց նա:
Ա. Խաչատրյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզպետարանը նախաձեռնություն է ցուցաբերել ստեղծելու Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհուրդ: Գործընթացն ավարտական փուլում է:
-Վստահ եմ, խորհրդի կազմում ընդգրկված երիտասարդների հետ միասին կկարողանանք առավել ակտիվացնել, ավելի հետաքրքիր դարձնել մարզի երիտասարդների առօրյան, բազմաթիվ նախաձեռնություններ կյանքի կոչել,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խնդիրներին, նշեց, որ հատկապես փոքր համայնքներում երիտասարդների լիարժեք ժամանցի խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, սակայն կան գյուղական համայնքներ, որտեղ երիտասարդները շատ ակտիվ են և իրենք են նախաձեռնում իրենց ակտիվ ժամանցը, տարբեր ծրագրեր իրականացնում: Համայնքների ղեկավարները և մարզպետի աշխատակազմը հնարավորությունների սահմաններում փորձում են աջակցել նրանց: Առկա է նաև զբաղվածության խնդիր, սակայն այս ուղղությամբ ևս հետևողական աշխատանքներ են իրականացվում ամենաբարձր մակարդակով:
-Իմ կարծիքով, եթե երիտասարդը ձգտող է, խելացի և նախաձեռնող, ինքն անպայման կկարողանա հետաքրքիր դարձնել իր և շրջապատի առօրյան, ժամանակակից աշխարհը դրա համար տալիս է բոլոր հնարավորությունները,-իր խոսքը եզրափակեց մարզի ղեկավարը:
Նա նաև տեղեկացրեց, որ Լոռու մարզի երկու քաղաքներ՝ Ստեփանավանը՝ 2015թ.-ին, իսկ Վանաձորը՝ 2019թ.-ին ճանաչվել են «Երիտասարդական մայրաքաղաքներ»: Դրա արդյունքում այդ համայնքներում բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր են իրականացվել՝ հույս հայտնելով, որ մարզի մյուս համայնքներն էլ ակտիվ մասնակցություն կունենան այդ մրցույթին:
Խումբը հանդիպում ունեցավ նաև մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանի հետ, ով կհամակարգի Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի գործունեությունը: Տ. Հովսեփյանը ներկայացրեց խորհրդի շրջանակներում նախատեսվող ծրագրերը, կարևորեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ հետագա համագործակցությունը և փորձի փոխանակումը: