Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը շնորհակալագրով է պարգևատրել միջազգային փառատոնից վերադարձած թատերախմբին

03.04.2023

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի Բրյանցևի անվան միջազգային փառատոնից հաջողություններով վերադարձած թատերախմբին` Վանաձորի թատերական ստուդիայի անձնակազմին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արամ Խաչատրյանը, շնորհավորելով ստուդիայի սաներին միջազգային փառատոնին մասնակցելու և ունեցած հաջողությունների համար, կարևորել է նման միջոցառումների դերը, որոնց շնորհիվ խրախուսվում է երիտասարդ կատարողների տաղանդը և հարստացվում նրանց փորձառությունը:
Լոռու մարզպետը շնորհակալություն է հայտնել Վանաձորի թատերական ստուդիային Հայաստանի և Լոռու պատիվը բարձր պահելու համար, ապա` շնորհակալագրով պարգևատրել միջազգային փառատոնում լավագույնս ներկայանալու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ անցկացված հեղինակավոր միջոցառմանը մեր երկիրը ներկայացրել է Հայաստանի թատերական գործիչների միության Վանաձորի թատերական ստուդիան՝ Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթի բեմականացմամբ, որը, նոր մոտեցմամբ, բեմադրել է ստուդիայի ղեկավար, դրամատուրգ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը: Փառատոնին մասնակցել են տարբեր երկրներ՝ 250 ներկայացմամբ: Լավագույն 20-յակում ընտրվել է նաև Հայաստանը, որի աշխատանքը գնահատանքի է արժանացել փառատոնի կազմակերպիչների, թատերական քննադատների կողմից:
Է. Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ներկայացմանը ներգրավված են եղել ստուդիայի 13 սաները, որոնք մարզի տարբեր համայնքներից են, տարբեր բուհերից և դպրոցներից: Նրանք Սանկտ Պետերբուրգում Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթն այնպես են հայերենով խաղացել (ռուսերեն համաժամանակյա թարգմանությամբ), որ ժյուրին ներկայացումն ընդգրկել է փառատոնի լավագույն ցանկում:
Ստուդիայի սաները զրուցել են մարզպետի հետ, կիսվել տպավորություններով և շնորհակալություն հայտնել իրենց ստեղծագործական աշխատանքը գնահատելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38