Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարից Լոռու մարզի թիմը վերադարձել է մրցանակներով
03.04.2023
Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում երկրորդ անգամ անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը։
Տարբեր տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Ողջունելով մասնակիցներին և շնորհավորելով հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մրցաշարն անցկացվում է նախևառաջ սպորտն ու ֆիզկուլտուրան մասսայական դարձնելու նպատակով․ «Մրցաշարի անցկացման համար մենք ամեն անգամ ձեռք ենք բերում մարզագույք և այն փոխանցում ենք մարզային մարզադպրոցներին, որպեսզի զարգացնենք առողջ ապրելակերպը, մրցակցության և միասնության ոգին և հաղթանակի կամքը»։
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ տարեցտարի մրցակցությունն ավելի կուժեղանա։
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարում Լոռու մարզը ներկայացնող Էդուարդ Հակոբյանը 18-40 տարեկան տղամարդկանց միջև ընթացող պայքարում գրավել է երկրորդ տեղը, 40-ից բարձր տարիքային խմբում Սարգիս Լալազարյանը նույնպես երկրորդն էր, իսկ 40-ից բարձր տարիքային խմբի աղջիկների մրցապայքարում Անահիտ Կրմզյանը գրավել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։
Հիշեցնենք՝ մրցաշարի հաղթողները կպարգևատրվեն 1 մլն դրամով, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 500, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 300 հազարական դրամներով։
Դրամական պարգևներ են նախատեսված նաև 4-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար։
Լոռու մարզի թիմը ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից արժանացել է նաև շնորհակալագրի մրցաշարին լավագույն մասնակցության համար: