Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ Լոռու մարզին հատկացվել է 3 նպատակային ուսուցման տեղ
03.04.2023
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԳԵԼԻ ԴԻՄՈՐԴՆԵՐ
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի թիվ 352-Ա որոշման (հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175530) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091101.01.7) սահմանված է 28 նպատակային ուսուցման տեղեր:
Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է երեքական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2023-2024թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս պետք է պարտադիր նշեն «Նպատակային ուսուցում» կոճակը:
Նպատակային տեղերում ընդունված ուսանողները սովորում են անվճար և ուսումնառության ընթացքում ստանում են կրթաթոշակ: Նպատակային տեղերում ընդունված դիմորդները պայմանագիր են կնքելու ՀՀ առողջապահության նախարարության հետ, որի համաձայն ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո պարտավորվում են վերադառնալ մարզ, առնվազն 3 տարի ժամկետով աշխատել մարզի բժշկական կազմակերպություններում: