Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում
29.03.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն:
Ա. Խաչատրյանին դիմել են 15 քաղաքացիներ՝ մարզի տարբեր բնակավայրերից, բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, աշխատանքի տեղավորման հարցերով:
Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Բնակարանային ապահովման խնդիրներով դիմած քաղաքացիներին պարզաբանվել է, որ, եթե վերջիններս ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման» ծրագրից, ապա ծրագրի շահառու լինելու իրենց իրավունքը կարող են վերականգնել դատական կարգով, եթե տնակներում հայտնվել են այլ պատճառներով, ապա, համապատասխան հաշվառում է իրականացվել, և նրանց հարցն արդեն իսկ ներառվել է ՀՀ Կառավարության գործունեության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրում:
Մարզի ղեկավարին սոցիալական և առողջապահական աջակցությունների տրամադրման համար խնդրանքներով դիմած քաղաքացիների հարցը ևս լուծում կստանա մարզպետարանի համապատասխան հանձնաժողովների կողմից իրականացվելիք ուսումնասիրությունների արդյունքում: Բնակիչներին առաջարկվել է դիմումներ ներկայացնել՝ դրանց սահմանված ընթացակարգով ընթացք տալու նպատակով:
Աշխատանքի տեղավորման խնդրանքներով դիմած բնակիչներին Ա. Խաչատրյանն առաջարկել է հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին:
Մարզպետի հանձնարարությամբ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները խորհրդատվություններ կտրամադրեն քաղաքացիներին՝ ինչպես դիմումների ներկայացման, այնպես էլ՝ ընթացիկ այլ հարցերի հետ կապված: