Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեց Վանաձորի թիվ 24 միջանակարգ դպրոցի մարզադահլիճը

24.03.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մասնակցել է Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի հիմնանորոգված դահլիճի բացման արարողությանը, շնորհավորել դպրոցի կոլեկտիվին ու աշակերտներին կարևոր և սպասված իրադարձության կապակցությամբ:
Մարզի ղեկավարին ուղեկցել են Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Ինչպես հայտնի է, «Անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի» շրջանակներում պետբյուջեից շուրջ 10 մլն դրամ է հատկացվել ավելի քան 950 աշակերտ ունեցող դպրոցի մարզադահլիճը նորոգելու համար, դպրոցի խնայողություններից ներդրվել է շուրջ 1 մլն 700 հազար դրամ: Փոխվել է նաև մարզադահլիճի առաստաղը:
Ի դեպ, դարձյալ այս նույն ծրագրի շրջանակներում նորոգվել են դպրոցի դասասենյակները, ներդրվել է ավելի քան 2 մլն դրամ:
Իր ողջույնի և շնորհավորանքի խոսքում մարզի ղեկավարը մասնավորապես նշեց, որ դպրոցների ցանկացած հիմնախնդիր ՀՀ կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, և այն ծավալի ներդրումներ, որոնք իրականացվում են վերջին տարիներին, երբևէ չեն եղել:
- Լոռու մարզում դպրոցաշինության, դպրոցների և մարզադահլիճների հիմնանորոգման ու կառուցման մեծածավալ ծրագրեր են իրականացվում: Միայն այս տարի շահագործման կհանձնվեն թվով 7 դպրոցների մարզադահլիճներ, որոնցից 4-ը կառուցվում են հիմնովին, մյուսները՝ հիմնանորգվում են: Մարզում կառուցվում և վերակառուցվում են 5 դպրոցներ, անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրեր են իրականացվում Լոռու մարզային ենթակայության թվով 17 հանրակրթական ուսումնական հաստատություններում:
Շնորհավորելով բոլորիդ մարզադահլիճի բացման կապակցությամբ, ուզում եմ կարևորել այս ծրագիրը՝ առաջին հերթին առողջ սերունդ դաստիարակելու առումով: Վստահ եմ՝ մեր երեխաները և մանկավարժները առաջնորդվում են «առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսով: Վստահ եմ նաև, որ նորոգված մարզադահլիճում երեխաների մարզական հաջողությունները տարբեր մրցաշարերում ևս չեն ուշանա,-ասաց նա:
Դպրոցի տնօրենն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին կրթական ոլորտի նկատմամբ ունեցած հոգածության և դպրոցի խնդրին անմիջապես արձագանքելու համար, ինչի արդյունքում երեխաները հնարավորություն են ստացել ֆիզկուլտուրայի դասերն անցկացնելու լավագույն պայմաններում:
Դպրոցի աշակերտները միջոցառմանը ներկայացել էին իրենց մարզական հաղթանակների մասին վկայող մեդալներով և խոստացան, որ դրանք կրկնապատկելու և եռապատկելու են:
Նրանք հանդես եկան մարզական ցուցադրական ելույթներով, ինչպես նաև գեղարվեստական կատարումներով:
Մարզի ղեկավարը շրջայց իրականացրեց նաև դպրոցում՝ ծանոթանալով վերանորոգված դասասենյակներում ստեղծված պայմաններին:
Այցի ավարտին Արամ Խաչատրյանը մի բարի լուր ևս ավետեց. դպրոցին հարակից ճանապարհները կհիմնանորոգվեն այս տարի: Նա, ընդառաջելով աշակերտների խնդրանքին, խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում աջակցել նաև բացօթյա մարզահրապարկի կառուցման հարցում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24