Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորոգվում է Մ-6-Եղեգնուտ–Դեբետ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը. մարզի ղեկավարն աշխատանքային այցով Փամբակ խոշորացված համայնքում էր

22.03.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով Փամբակ խոշորացված համայնքում էր: Նրան ուղեկցում էին Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ոլորտային պատասխանատուներ:
Մարզի ղեկավարի այցի օպերատիվ առիթը Տ-5-41՝ Մ-6-Եղեգնուտ–Դեբետ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր:
Ինչպես հայտնի է, ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ: Ճանապարհի հիմնանորոգման հողային աշխատանքներն իրականացվել են նախորդ տարի: Այս տարի ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ ավարտին կհասցվի: Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 8.2 կմ է, որից 7.183 կմ-ն ճանապարհն է, ևս մոտ 1 կմ-ը դեպի բնակավայրեր տանող մուտքներն են։ Վերականգնվելու են նաև բնակավայրերի հանրային օբյեկտներ տանող ճանապարհները։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-6 միջպետական ճանապարհից և ձգվում է դեպի Եղեգնուտ, Դեբետ բնակավայրեր՝ միանալով Դսեղ տանող ճանապարհին։ Ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում՝ ավելի քան 35 տարի չհիմնանորոգելու պատճառով: Պայմանագրային արժեքը՝ 846.8 մլն. դրամ է: Կապալառու կազմակերպությունը ներկայում կատարում է պաշտպանիչ պատերի կառուցման, հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի վրա նախատեսվում է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ մետաղական արգելափակոցներ, նշագծումներ, ճանապարհային նշաններ և այլն։
Գյուղական ճանապարհի հիմնանորոգումը նշված բնակավայրերի առաջնային խնդիրներից էր։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի  տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ մարզի ղեկավարը քննարկեց ճանապարհի նորոգման ընթացիկ խնդիրները՝ կարևորելով աշխատանքները սահմանված ժամկետներում և բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը:
- Ճանապարհի հիմանորոգումը մեծ ազդեցություն կունենա, բնակչության տեղաշարժն առավել անվտանգ և հարմարավետ կազմակերպելու առումով, կակտիվանա գյուղմթերքների վաճառքը, դեպի տարածաշրջան՝ զբոսաշրջիկների հոսքը: Այս ամենն, ինչ-խոսք, շղթայական ազդեցություն կարող է ունենալ բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա,-իր խոսքում նշեց Ա. Խաչատրյանը:
Նրանք անդրադարձան նաև այս տարի մարզում, ընդհանուր առմամբ, իրականացվելիք ճանապարհաշինական ծրագրերին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոռու մարզում նախատեսվում է հիմանորոգել ավելի քան 109.8 կմ երկարությամբ ճանապարհ՝ 14.8 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով:
Աշխատանքային այցի շրջանակներում մարզպետը եղավ նաև Փամբակի համայնքապետարանի քաղաքացիական սպասարկման գրասենյակում, ծանոթացավ շենքային պայմաններին, գրասենյակի գործունեությանը։

Աշխատանքային այցը շարունակվեց Վահագնաձորում։ Ա. Խաչատրյանը եղավ տեղի դպրոցում, շրջայց իրականացրեց, զրուցեց անձնակազմի, աշակերտների հետ։ Վերջիններս մարզի ղեկավարին խնդրեցին աջակցել մարզագույքի և լաբորատոր գույքի ձեռքբերման հարցում։ Մարզի ղեկավարը խոստացավ հետևողական լինել խնդրի լուծման ուղղությամբ: Ի դեպ, Արամ Խաչատրյանը տարիներ առաջ ռազմագիտություն առարկա է դասավանդել է այս դպրոցում:
Բնակավայրում Ա. Խաչատրյանը ծանոթացավ նաև 2022 թ. սուբվենցիոն միջոցներով իրականացված ծրագրերին: Նախորդ տարի այստեղ 1000 քմ գյուղամիջյան ճանապարհ է նորոգվել։
Բնակիչների հետ զրույցի ընթացքում մարզի ղեկավարը հաղորդակից դարձավ մի շարք խնդիրների՝ նշելով, որ ՀՀ կառավարության, Լոռու մարզպետարանի և Փամբակի համայնքապետարանի համագործակցությամբ և հետևողական ջանքներով դրանք աստիճանապար լուծում կստանան: Իսկ խնդրով դիմած բնակիչ Ժորա Իսրայելյանին խոստացավ աջակցել տան տանիքի նորոգման հարցում:

Մարզպետ Խաչատրյանն աշխատանքային այցը շարունակեց Ձորագետ բնակավայրում, ուր անցած տարի մեկնարկած և այս տարի շարունակվող սուբվենցիոն ծրագրով համայնքային սեփականություն հանդիսացող շենքի տանիքը կապիտալ նորոգվում է, իսկ շենքը նորոգվում է մասնակի:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38