Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հ-70՝ Մ-6-Աթան ավտոճանապարհի հիմնանորոգման մեկնարկը տրված է
15.03.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ միասին հետևեց Հ-70` Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Նրանց ուղեկցում էին Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Ինչպես հայտնի է, տվյալ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է օրերս: Ճանապարհը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել և գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Այս պահին շինաշխատանքները հիմնականում կատարվում են Աթան, Շամուտ և Քարինջ բնակավայրերի հատվածներում: Շրջայցի ընթացքում համայնքի, կապալառու ընկերությունների ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների հետ քննարկվել են աշխատանքների որակի, ժամկետների պահպանման և կազմակերպչական այլ հարցեր: Դեպի Աթան, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Մարց տանող ճանապարհները բարեկարգված կլինեն մինչև օգոստոս, իսկ հանրապետարական նշանակության ճանապարհի հատվածում շինաշխատանքների վերջնաժամկետը 1 տարի է: Հիշեցնենք, որ ճանապարհի բարեկարգման աշխատանքների ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից: 36 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծային ընդհանուր արժեքը մոտ 4.3 մլրդ դրամ է։
Ինչպես հայտնի՝ կհիմնանորոգվեն` Հ-70՝ Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 3.6 մլրդ. դրամ, կապալառու կազմակերպությունն է «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» ՍՊԸ-ն), Տ-5-69՝ /Հ-70/ - Ահնիձոր մարզային նշանակության ավտոճանապարհի 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 258.1 մլն. դրամ:Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն), Տ-5-73՝ /Հ-70/ - Քարինջ մարզային նշանակության ավտոճանապարհի 3.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 364.2 մլն. դրամ, կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն), Տ-5-82՝ /Հ-70/ - Լորուտ մարզային նշանակության ավտոճանապարհի 1.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 143.8 մլն. դրամ, կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ- ն), Տ-5-93՝ /Հ-70/ - Մարց մարզային նշանակության ավտոճանապարհի 0.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 64.3 մլն. դրամ, կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ- ն): Մարզի ղեկավարն իր խոսքում կարևորեց ճանապարհի հիմանորոգումը՝ նախևառաջ դեպի համայնքներ տանող երթևեկությունը դյուրին և հարմարավետ դարձնելու առումով, ապա նաև նշեց, որ այս տարածաշրջանում զգալիորեն կզարգանա տնտեսությունը և զբոսաշրջությունը.
-Հիմնանորոգված ճանապարհը այս տարածարջանի համար շղթայական զարգացում կապահովի: Այս հիասքանչ բնությունը անտարբեր չի թողնի նաև զբոսաշրջիկներին,-ասաց մարզի ղեկավարը՝ նշելով, որ այս ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ: