Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում բացվեցին սննդի լաբորատորիաներ

06.03.2023

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ ներկա գտնվեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Վանաձորի մասնաճյուղում նորովի կահավորած և արդիական սարքավորումներով վերազինված՝ սննդի երեք լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությանը:
Կաթի, մսամթերքի, պահածոյացման տեխնոլոգիաների վերամշակման լաբորատորիաներն իրենց բնույթով ուսումնական են, որոնց նպատակն է ուսանողներին տեսական գիտելիքներին զուգահեռ սովորեցնել նաև գործնական հմտություներ:
Վերջինս հնարավոր է եղել իրականացնել ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և կոնսորցիումի անդամ կազմակերպությունների՝ ՀԱԱՀ-ի, «Հայ օգնության ֆոնդի» և «Սիվիտտա ԷՅԷՄ» խորհրդատվական ընկերության կողմից:
Միջոցառմանը ներկա էին նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Վայթը, ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Մեր ուսանողներին սովորեցնելու ենք վերամշակել կաթը, ստանալ պանիր կամ պատրաստել պաղպաղակ, սովորեցնելու ենք նաև վերամշակել միսը՝ մսամթերք ստանալու նպատակով կամ՝ վերամշակել միրգը՝ հյութ, չիր կամ չիպս պատրաստելու համար: Մենք օգնելու ենք մեր ուսանողներին պատրաստված մտնել աշխատաշուկա»,- ասաց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը:
Գոռ Ասրյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից շնորհակալություն հայտնեց լաբորատորիաների հիմնմանն աջակցող բոլոր կազմակերպություններին և համոզմունք հայտնեց, որ սննդի վերոհիշյալ լաբորատորիաները մարզում գյուղատնտեսության զարգացման նոր խթան կանդիսանան և կարևոր դեր կունենան արտադրող ձեռնարկությունների զարգացման համար:
- Շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, և շնորհակալ եմ այս նախագիծը մեր մարզում իրականացնելու համար: Լոռու մարզում բավականին զարգացած է գյուղատնտեսությունը, իսկ այս լաբորատորիաները մեզ նաև որակյալ մասնագետներով կապահովեն, - իր խոսքը եզրափակեց Գ. Ասրյանը:
Լաբորատորիաները կծառայեն ինչպես ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների, այնպես էլ՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շահառուների, տարբեր կարճատև ուսումնական ծրագրերի մասնակիցների և վերապատրաստող այլ մասնագետների ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը՝ երեք ուղղություններով՝ կաթնամթերքի վերամշակում, պահածոյացման ու սննդախտանյութերի տեխնոլոգիաներ:
«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագրի շրջանակում նախատեսվում է 15-29 տարեկան մարզաբնակ շուրջ 10.000 երիտասարդների (այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց) տրամադրել իրենց աշխատանքային հմտությունները բարելավելու, դրանք աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում աշխատանք գտնելու հնարավորություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38