Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արամ Խաչատրյան. «Դբա լավը տանող ճանապարհն ազնվությունն է, սերն առ Հայրենիք և հավատն՝ առ Աստված»
03.03.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հարցազույցը «Վարկանիշ» ամսագրին
-Պարո՛ն Խաչատրյան, երկու տարուց ավելի է, ինչ ամենագեղատեսիլ մարզի ղեկավարն եք։ Ինչպե՞ս է սկսվել Ձեր գործունեությունը։
-Այո՛, ամենագեղատեսիլ մարզի, ճիշտ դիտարկում արեցիք... ու ոչ միայն ամենագեղեցիկ, այլև ամենաբարի ու հոգատար, ամենաջանացավ մարդկանցով բնակեցված. լոռեցին առանձնանում է իր անմիջականությամբ, հյուրընկալությամբ, թեև ինձ համար մեր երկրի ամեն մի անկյունն է դրախտավայր: Ընդունված է լոռեցիներին կոչել «միամիտ», բայց սա պետք չէ շփոթել պարզամտության հետ, պարզապես այստեղ մարդիկ չափազանց ներողամիտ են և զերծ խորամանկությունից: Ես չափազանց հպարտ եմ, որ լոռեցի եմ, և Աստծո կամոք ու ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությամբ, ավելի քան երկու տարի պատիվ ունեմ լինելու այս յուրահատուկ, կոլորիտային մարզի ղեկավարը, որը մեծամեծ հանճարներ է տվել ու շարունակում է տալ մեր երկրին, աշխարհին:
Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 24 տարի առաջ՝ որպես զինվորական, և այդ օրից իմ ողջ ներուժը, կարողություններն ու գիտելիքները ծառայեցրել եմ Հայրենիքիս, նախ՝ որպես դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետ, մայոր, զինվորական պատրաստության ուսուցիչ, ապա նաև, ելնելով երկրում տիրող բազում անօրինությունների դեմ պայքարելու և ինչ-որ բան փոխելու ցանկությունից ու նպատակից՝ մուտք եմ գործել ակտիվ քաղաքականություն. եղել եմ Վանաձորի ավագանու անդամ՝ որպես ընդիմադիր կուսակցության խմբակցության անդամ, հեղափոխության հաղթանակից հետո՝ 2018թ. նշանակվել եմ Լոռու մարզպետի տեղակալ, ապա՝ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 2020թ. դեկտեմբերի 17-ից ՀՀ Լոռու մարզպետն եմ:
Մարզի յուրաքանչյուր բնակավայրի խնդիրներն ինձ համար խորթ ու անծանոթ չեն եղել երբևէ: Մտավորական-մանկավարժի ընտանիքից եմ սերվել, աշխատանքային գործունեությունս սկսել եմ ամենացածրից ու յուրաքանչյուր առաջանցիկ քայլ ինձ տրվել է մեծ ջանքերի, տքնաջան, զօրուգիշեր աշխատանքի շնորհիվ: Որպես մարզի ղեկավար՝ քայլառքայլ, մարզպետարանի աշխատակազմի, մարզպետարանի ենթակայության հիմնարկների, համայնքների հետ միասին՝ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ, ըստ առաջնահերթությունների փորձում ենք լուծել բոլոր խնդիրները՝ հանուն Լոռու մարզի զարգացման ու լոռեցու բարեկեցության: Մեծ աջակցություն ունենք նաև մեր գործընկերներից՝ միջազգային ու հասարակական կառույցներից, հիմնադրամներից, դեսպանատներից, անհատ բարերարներից: Շատ բան է արվել բոլոր ոլորտներում, դա անգամ անզեն աչքով է երևում, բայց դեռևս շատ անելիք ունենք: Աստված առաջ:
-Զբոսաշրջության այցեքարտ է Լոռու մարզը։ Իսկ որքանո՞վ է մարզում զարգացած զբոսաշրջությունը, և ի՞նչ ցուցանիշներ կան։
-Ընդունված է ասել՝ «Լոռին թանգարան է բաց երկնքի տակ» և այս արտահայտության մեջ չկա ոչ մի չափազանցություն: Լոռին հարուստ է պատմամշակութային արժեքներով: Մեր մարզը համարվում է հայաստանյան զբոսաշրջության ամենագրավիչ անկյուններից մեկը։ Լոռու հոգևոր-մշակութային բացառիկ արժեքներն ու լոռեցու հյուրընկալությունը յուրաքանչյուր տարի դեպի մարզ է կանչում հազարավոր զբոսաշրջիկների: Այստեղ են գտնվում 3000-ից ավելի կոթողներ, դրանց թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատ, Սանահին վանական համալիրները, Օձունի, Քոբայրի և Ախթալայի վանքերը, որոնք համայն մարդկության պատմամշակույթի արժեքավոր մաս են: Դրանք մեր մարզի այցեքարտն են: Մեր համայնքներում յուրաքանչյուր տարի կազմակերպվում են նաև հետաքրքիր փառատոներ, որոնք նույնպես գրավիչ են զբոսաշրջիկների համար՝ Ախթալայում նշվող «Խորովածի փառատոնը», «Օձունի գանձեր» մշակութային միջոցառումը, «Թումանյանական օրերը»՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր Դսեղում, «Պանրի փառատոնը»՝ Տաշիրում, «Բերքի տոն» ամենամյա ավանդական միջոցառումը, որը յուրաքանչյուր տարի տոնում ենք որևէ կոլորիտային համայնքում և այլն:
Պետք է վստահեցնեմ, որ վերջին տարիներին զբոսաշրջությունը մարզում զարգանում է բավականին առաջանցիկ տեմպերով՝ շնորհիվ թե՛ պետական, թե՛ մասնավոր ներդրումների, նաև միջազգային կառույցների աջակցությամբ. կառուցվում և վերակառուցվում են մեծ թվով հյուրատներ, բարելավվում են ենթակառուցվածքները, սպասարկման ծառայությունները, ստեղծվում են զբոսաշրջիկների ժամանցի կազմակերպման նորանոր հնարավորություններ:
Ի դեպ, ՀՀ Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ մշակվել է 2023-2027թթ. Լոռու մարզի տուրիզմի զարգացման ռազմավարությունը, որը շատ կարևոր է ոլորտի համակարգված զարգացման համար:
-Համագործակցություններ, միջազգային ծրագրեր․․․ Այս առումով վերջին տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ կան։
-Այս առումով նույնպես մարզն առաջատար դիրքերում է: Յուրաքանչյուր աշխատանք արդյունավետ է դառնում այն ժամանակ, երբ ունես գործընկերներ ու աջակիցներ: Այս առումով ևս Լոռու մարզը շահեկան դիրքերում է: Մենք ընդառաջ ենք գնում այն բոլոր համագործակցային առաջարկություններին, որոնք կարող են նպաստել մեր մարզի զարգացմանը, ինքներս էլ փնտրում ենք գործընկերներ: Լոռին շատ բարեկամներ ու աջակիցներ ունի՝ ի դեմս ՀՀ կառավարության, ի դեմս տեղական ու միջազգային կառույցների: Մենք սերտորեն համագործակցում ենք նաև ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատների հետ:
Պարզապես մի քանի ծրագիր թվարկեմ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Լոռու և Տավուշի մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ իրականացվում է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը, որի շրջանակներում իրականացված ներդրումների ծավալը Լոռու մարզում կազմել է 11.6մլն դրամ, «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շրջանակներում 2022թ-ի ընթացքում բիզնեսի աջակցման ծրագիր է իրականացվել, ՄԱԿ-Ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից սննդի արտադրության ոլորտում գործող փոքր ձեռնարկությունների արտադրողականության բարձրացման և եկամտաբերության աճին օժանդակելու համար հայտարարված մրցույթի արդյունքում աջակցություն են ստացել մարզի զբոսաշրջության ոլորտը և հանրային սնունդը ներկայացնող ձեռներեցները, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվում է «Գյուղական համայնքների զարգացում» ծրագիրը: Առհասարակ հիմնադրամի կողմից մեր մարզում շատ կարևոր ծրագրեր են իրականացվում. «Փամբակի տրանսպորտային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում բարեկարգվում են տրանսպորտային ենթակառուցվածքները, գործարկվելու է համապատասխան բջջային հավելված, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվում է «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագիրը, վերանորոգվել է Դեբետի համայնքապետարանի շենքը, կառուցվել է այցելուների կենտրոնը, որը զբոսաշրջիկներին կապահովի անհրաժեշտ տեղեկատվությամբ, մինչև 2023թ.-ի աշնանն իր դռները կբացի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ համագումարների կենտրոնը, 2023թ.-ի գարնանն իր դռները կբացի Դսեղի ՍՄԱՐԹ առողջության կենտրոնը՝ 16 բնակավայրերի ապահովելով բարձրորակ առողջապահական ծառայություններով, նոր ուսումնական տարին 150-ից ավել աշակերտների համար կմեկնարկի Դեբետի բոլորովին նոր դպրոցում, որը նոր ոգեշնչող կրթական միջավայրի հետ մեկտեղ կապահովի նաև 21-րդ դարի պահանջներին համապատասխան կրթակարգ, իրականացվել է նաև «Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության ներդրում» ծրագիրը. ձեռք է բերվել աղբատար մեքենա: Մեր լավագույն գործընկերներից են «Աստղիկ» բարեգործական, «Դիակոնիա» հիմնադրամները, մեր մարզում գործունություն ծավալող բոլոր հասարակական կառույցները. բոլորի գործունեությունը պարզապես անհնար է թվարկել: Մենք երախտապարտ ենք բոլորին անհատապես:
-Որպես նախկին զինվորական և տևական ժամանակ Հայրենիքին իր պարտքը տված անհատ՝ ի՞նչ սկզբունքներով եք ղեկավարում մարզը՝ ելնելով նաև մասնագիտությունից։
-Զինվորականի մասնագիտությունն ինձ, իսկապես, շատ է օգնում իմ գործունեության մեջ. շուրջ 15 տարի Հայոց բանակի շարքերում սիրով ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը: Հիմա նույնպես ծառայում եմ Հայրենիքիս ու Լոռու մարզի բնակչությանը, բայց արդեն՝ որպես մարզի ղեկավար: Հայրենիքն ինձ համար բացարձակ արժեք է, Հայրենիքը բառերով սիրելու համար չէ, Հայրենիքին պիտի ծառայել՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտության կրող ես և ինչ աշխատանքով ես զբաղվում: Միայն այդ դեպքում կարելի է արդյունքի հասնել: Յուրաքանչյուրս մեր աշխատանքը պետք է անենք լավ ու նվիրումով:
-Ծրագրեր, որոնք իրագործման փուլում են։
-Ծրագրեր շատ կան, որոնք ընդգրկում են բոլոր ոլորտները՝ քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, կրթություն, մշակույթ, սպորտ տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն, ու այս բոլոր ուղղություններով, ինչպես արդեն նշեցի, ՀՀ կառավարության, տեղական ու միջազգային կառույցների աջակցությամբ բավականին լուրջ ծրագրեր են իրականացվում: Օգտվելով առիթից՝ ուզում եմ կարևորել հատկապես պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, որոնց օգնությամբ մեր համայնքներում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում: Ի դեպ, իրականացվող ծրագրերը տարեցտարի կրկնապատկվում են թե՛ քանակապես և թե՛ ներդրումների ծավալով: Վստահ եմ, կարճ ժամանակ անց մեր համայնքներում բազմաթիվ խնդիրներ լուծված կլինեն, ինչն էլ իր հերթին կբերի շղթայական զարգացման:
-Լոռեցիների համար սկզբունք է դարձել՝ Դբա լավը․․․ Դբա լավի ճանապարհը ո՞րն է։
-«Դբա լավը» մեր մարզի այցեքարտն է դարձել և իր մեջ ամփոփում է լոռեցու անկեղծությունը, բարությունն ու նպատակասլացությունը:
«Դբա լավը» տանող ճանապարհը ազնվությունն է, դիմացինին անշահախնդիր կերպով օգնության հասնելու պատրաստակամությունը, զօրուգիշեր աշխատանքը, անսահման սերը Հայրենիքի հանդեպ ու հավատը՝ եկեղեցու:
Լոռեցիների ուղին անշեղ է՝ դբա՛ լավը:



