Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստը

28.02.2023

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր մարզպետ Արամ Խաչատրյանը:
Ներկա էին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Սամվել Գևորգյանը, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, մարզի համայնքների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզի ղեկավարը ողջունեց ներկաներին և շնորհակալութուն հայտնեց նիստին ներկա գտնվելու համար: Նիստի մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի 2022թ. հաշվետվությունը:
Հաշվետվության հղումը կցվում է՝ http://lori.mtad.am/files/docs/64825.pdf :
Ֆիլմի հղումը կցվում է՝ https://www.youtube.com/watch?v=1OnAbVJ1H60 :
Հայտարարություններով հանդես եկան գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, փոխգնդապետ Սամվել Գևորգյանը: Վերջիններս անդրադարձան այս տարի կազմակերպվելիք վարժական հավաքներին, զորահավաքային գործընթացին: Գնդապետ Ա. Ցականյանը տեղեկացրեց, որ մարզպետարանի հետ համագործակցությամբ վարժական հավաքների մասնակիցների համար կկազմակերպվեն նաև ուսուցողական դասընթացներ, կապահովվի ազատ ժամանցը՝ համերգային ծրագրերի, մշակութային օջախներ այցելությունների միջոցով:
Այդ նպատակով Լոռու մարզպետի հանձնարարությամբ՝ փոխմարզպետ Գոռ Ասրյանի գլխավորությամբ, Լոռու մարզպետարանի համապատասխան պաշտոնյաների և կորպուսի ներկայացուցիչների ներգրավվածությամբ կձևավորվի աշխատանքային խումբ՝ նշված գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով:
Փոխգնդապետ Ս. Գևորգյանը մասնավորապես անդրադարձավ համայնքների հետ սերտ գործակցությանը՝ զորակոչային, զորահավաքային աշխատանքների կազմակերպման, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների կցագրման հետ կապված:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանն իր հայտարարության շրջանակներում անդրադարձավ մարզի անտառապատ տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի ակտիվացմանը՝ այս հարցում ևս ակնկալելով համայնքների հետ համագործակցությունը:
-Ոստիկանություն, համայնք և անտառտնտեսություններ ակտիվ և համակարգված գործակցության միջոցով կարող ենք հասնել առավելագույն արդյունքի,- խնդրի հետ կապված նշեց մարզի ղեկավարը:
Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանն իր խոսքում անդրադարձավ քաղաքացիների կողմից չոր խոտածածկույթի այրման դեպքերին՝ նշելով, որ այն լի է հրդեհի տարածման վտանգով, քրեորեն պատժելի արարք է և կոչ արեց հետևողականություն ցուցաբերել նման երևույթները կանխարգելելու ուղղությամբ: Նա համայնքների ղեկավարներին հորդորեց նաև ձեռք բերել շչակներ և պարբերաբար իրականացնել ապաստարանների մաքրման աշխատանքներ:
Նիստի ավարտին մարզի ղեկավարը հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նա մասնավորապես անդրադարձավ ճանապարհների սպասարկման աշխատանքներին՝ համայնքների ղեկավարներին հորդորելով բնակավայրերում դրանք իրականացնել պատշաճ կերպով, իսկ ինչ վերաբերում է հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներին, ապա թերություններ նկատելուն պես՝ անմիջապես իրազեկել մարզպետարանին:
Ա. Խաչատրյանն իր խոսքում կարևորեց սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ իրականացումը՝ նշելով, որ թերացող համայնքներ չպետք է լինեն:
Մարզի ղեկավարը անդրադարձ կատարեց նաև սուբվենցիոն ծրագրերին՝ ակնկալիք հայտնելով, որ իրականացվող ծրագրերի քանակով և ֆինանսական ներդրմամբ այս տարի ևս Լոռու մարզը առաջատար կլինի: Նա նշեց, որ Լոռու մարզպետարանը պատրաստակամ է շարունակելու աջակցել սուբվենցիոն հայտերի կազմման գործում:
-2022 թ.-ին մարզը առաջատարի դիրքերում է եղել գրեթե բոլոր ցուցանիշներով, ինչը մարզպետարանի աշխատակազմի, համայնքների, ուժային և մարզում գործող այլ կառույցների ու կազմակերպությունների ջանադիր աշխատանքի արդյունքն է: Վստահ եմ 2023թ.-ին գերազանցելու ենք բոլոր ցուցանիշներն՝ ի շահ Լոռու մարզի և մարզի բնակիչների բարեկեցության,-ասաց Ա. Խաչատրյանը:
Նա պատասխանեց նաև ներկաների հարցերին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38