Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ
27.02.2023
Հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ,
ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ:
Հասարակական կազմակերպություններին, կամավորական աշխատանք կատարող մարդկանց միավորում է հանրությանը սատարելու, աջակից լինելու նպատակը, շրջապատն ավելի լավ դարձնելու, բարին տարածելու գաղափարախոսությունը, և դրանով իսկ ամեն ինչ ասված է: Մեր համայնքներում իրականացված բազմաբնույթ ծրագրերը մեծ աջակցություն են պետության համար, և մենք երախտապարտ ենք, որ պետական ինստիտուտներին զուգահեռ գործունեություն են ծավալում այնպիսի կառույցներ, որոնք փոխլրացնում են, օգնում, որ հանրությանը մատուցված ծառայությունները լինեն լիարժեք, բավարար, որ երկիրը լինի ավելի զարգացած, իսկ կյանքը ՝բարեկեցիկ:
Դուք հանրային շահով մտահոգված կառույցներ եք, մասնագիտական ամուր հիմքերով և փորձառու մասնագետներով համալրված կազմակերպություններ, որոնք բազմաբնույթ նախաձեռնություններով են հանդես գալիս, հետևողական են իրենց բարձրացրած խնդիրներին և առաջարկներին։
Քաղաքացիների և պետության միջև դուք անհատի շահերը պաշտպանող կարևորագույն օղակն եք։
Կյանքի տարբեր ոլորտներում ու նախաձեռնություններում ձեր կողմից ներդրված ջանքերը, աշխատանքը տեսանելի են և գնահատելի։ Լոռու մարզպետարանը մշտապես պատրաստ է սերտ համագործակցության, և դրա վառ օրինակն է նաև այն, որ արդեն մեկ տարի՝ գործում է Լոռու մարզպետին կից՝ հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը՝ նպատակ ունենով առավել սերտ հարթակ ձևավորել պետական կառույցների և քաղհասարակության ներկայացուցիչների միջև:
Վստահ եմ, որ կշարունակեք ձեր ակտիվ գործունեությամբ, անփոխարինելի ներուժով առավել լավը դարձնել հանրության կյանքն ու շրջապատը։
Մաղթում եմ հաջողություններ և բազմաթիվ բարի նախաձեռնություններ։