Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոստիկանություն, համայնք և անտառտնտեսություններ համագործակցության միջոցով հնարավոր կլինի էականորեն նվազեցնել ապօրինի անտառահատումները

24.02.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության ներկայացուցիչների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառտնտեսությունների մասնաճյուղերի ղեկավարների մասնակցությամբ:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հրավերին օպերատիվ կերպով արձագանքնելու համար՝ մարզի ղեկավարը նշել է, որ նմանատիպ հանդիպումներն այսուհետ պարբերական բնույթ են կրելու՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ և համակարգված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ ապօրինի անտառահատումների դեպքերը նվազագույնի հասցնելու կամ բացառելու:
-Երկու շատ կարևոր սկզբունքային հարց կա այստեղ. առաջինը՝ մեծ վնաս է հասցվում բնությանն, ինչն անթույլատրելի է, և երկրորդ՝ սա նաև արժանապատվության հարց է, երբ անտառագողերը կարողանում են անարգել ու անպատիժ կերպով ապօրինի գործողություններ իրականացնել: Անհրաժեշտ է գործել շուրջօրյա ռեժիմով, շրջայցեր իրականացնել նաև գիշերային ժամերին,-ասել է մարզի ղեկավարը:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը նշել է, որ հատկապես վերջին շրջանում ապօրինի անտառահատումների դեպքերն ավելացել են: Նա կոչ է արել անտառտնտեսությունների ղեկավարներին առավել ինտենսիվ կերպով համագործակցել ոստիկանության բաժինների հետ՝ արդյունավետ գործելու նպատակով.
-Առաջին իսկ ահազանգի դեպքում՝ լինի կասկած, թե՝ արձանագրված փաստ, ոստիկանները պատրաստ են արագ արձագանքելու: Տեղեկացնեմ, որ բազմաթիվ հայտնաբերված դեպքեր ունենք, կան ձերբակալվածներ, բայց այն ինչ արվում է, բավարար չէ,-ասել է նա:
Անտառտնտեսությունների ղեկավարները, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հետ կապված, հանդես են եկել մի շարք առաջարկություններով, այդ թվում՝ խոշորացված համայնքների ղեկավարներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին գործընթացում ակտիվորեն ներգրավելու վերաբերյալ, ինչն արժանացել է մարզի ղեկավարի հավանությանը:
-Ոստիկանություն, համայնք և անտառտնտեսություններ ակտիվ և համակարգված համագործակցության միջոցով կարող ենք հասնել առավելագույն արդյունքի: Պետք է կամք և վճռականություն ցուցաբերել,-ասել է մարզի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38