Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում կիրականացվեն անտառապատման, անտառվերականգնման աշխատանքներ

24.02.2023

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը Լոռու և Սյունիքի մարզերում իրականացնում են «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը:
Այսօր ծրագրի համակարգող Ներսես Կյուրինյանը Լոռու մարզպետարանում ներկայացրեց իրականացվող ծրագրի մանրամասները:
Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պաշտոնյաներ, համայնքապետարանների, մարզում անտառների կառավարման և կլիմայի փոփոխության նախաձեռնություններում ակտիվ դերակատարում ունեցող կառույցների, անտառամերձ բնակավայրերի ներկայացուցիչներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, «Կանաչ կլիմայի հիմնադրամի», Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգի և «Բնության համաշխարհային հիմնադրամի» կողմից:
-Անտառապատման և անտառվերականգնման այս ծրագիրը նպատակաուղղված է կլիմայի փոփոխությունների հետևանքները մեղմելուն, անտառօգտագործման տեսանկյունից անտառների նկատմամբ հնարավոր ռիսկերը նվազեցնելուն և անտառային պաշարների ավելի լավ կառավարմանը,- ասաց ծրագրի համակարգող Ն. Կյուրինյանը:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանն իր խոսքում նշեց, որ Լոռու մարզպետարանը ողջունում է անտառների վերականգնման ու պահպանության նպատակով մարզում իրականացվող ցանկացած ծրագրի իրականացում և պատրաստ է աջակցել մարզում անտառածածկ տարածքների ընդլայնման յուրաքանչյուր նախաձեռնության:
Ծրագրի տևողությունը 8 տարի է, որի ընթացքում նախատեսվում է Լոռու և Սյունիքի մարզերում իրականացնել պետական անտառային ֆոնդի 4700 հեկտար հողատարածքի, 1000 հեկտար համայնքապատկան հողատարածքների անտառապատում և անտառվերականգնում, 1600 հեկտար դեգրադացված անտառների կոճղաշիվային աշխատանքների կազմակերպում, անտառամերձ բնակավայրերի 9000 խոցելի տնային տնտեսություններին աջակցության տրամադրում՝ առկա ցածր արդյունավետություն ունեցող փայտի վառարաններն ավելի արդյունավետ վառարաններով փոխարինելու համար։
Լոռու և Սյունիքի մարզերն ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակներից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, ինչպես նաև կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունից:
Հանդիպման ավարտին ներկաները հարցուպատասխանի միջոցով քննարկեցին ծրագրի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, հանդես եկան առաջարկություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38