Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում է զարգացման նոր ծրագիր Լոռու մարզի համար

17.02.2023

2023 թ.-ից Հայաստանում մեկնարկել է «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագիրը: Այն ուղղված կլինի գյուղատնտեսության, ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը՝ հաջողված ծրագրային առաջարկների ֆինանսավորման միջոցով և կիրականացվի Լոռու, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում: Այսօր Լոռու մարզպետարանում ներկայացվեցին ծրագրի մանրամասները:
Հանդիպմանը մասնակցում էին ՏԿԵ նախարարության տեղական ինքնկառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանը, ծրագրի գործընկեր «AM Partners Consulting Company» հիմնադիր Վահե Մամբրեյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և համայնքների ներկայացուցիչներ:
Ծրագրի նախաձեռնողներից է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ՝ տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման փորձառությամբ հարուստ DAI (Development Alternatives Inc.) գլոբալ ընկերության կողմից:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց ծրագիրը մարզում իրագործելու հնարավորության համար և ավելացրեց, որ մարզպետարանը հետևողական կաջակցի, որպեսզի Լոռու մարզի բոլոր համայնքները կարողանան ներդրումային այս ծրագրից առավելագույն օգուտ քաղել:
Պատասխանատուները նշեցին, որ «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագրի շրջանակներում համայնքների զարգացմանը նպաստող ծրագրերի է նախապատվություն տրվելու, և ներդրումներն ուղղվելու են տվյալ համայնքներում հետագա զարգացումների համար խթան հանդիսացող գաղափարների իրականացմանը:
- Մեր ծրագրի միջամտությունները չեն լինելու համայնքային խնդիրների լուծումներ՝ ճանապարհի կառուցում, լուսավորություն և այլն: Մենք նախապատվությունը տալու ենք, օրինակ, այն առաջարկներին, որոնք ուղղված են խելացի ոռոգման համակարգերի կառուցմանը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Մեզ հետաքրքում են գաղափարներ՝ սկսած առաջնային գյուղատնտեսությունից մինչև սննդի վերամշակում, արտահանման և տուրիզմի զարգացում,- ասաց ծրագրի ղեկավար Կ. Գևորգյանը:
Ծրագրի հաջող ներդրման արդյունքում մարզում կզարգանան այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, բուսաբուծությունը, գյուղական զբոսաշրջությունը, ագրոտեխնոլոգիաները և այլն:
ՏԿԵ նախարարության տեղական ինքնկառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը հորդորեց համայնքների ներկայացուցիչներին օգտվել մարզի զարգացման այս լուրջ հնարավորությունից և ներկայացնել հեռանկարային առաջարկներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38