Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը
15.02.2023
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Վերջինս, ողջունելով հանձնաժողվի անդամներին, նշեց, որ պետական և հասարակական կառույցների, ինչպես նաև հանրության կողմից բարձր է գնահատվում հանձնաժողվի աշխատանքը, ընդգծվում է իրականացված ծրագրերի արդյունավետությունը, ինչը շատ ողջունելի է: Նա նաև մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց հանձնաժողվի անդամներին ներդրած ջանքների համար:
Հանձնաժողվի քարտուղար, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում Լոռու մարզում 2022թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հակիրճ տեղեկատվություն, որը մասնավորապես վերաբերում էր հանրային տարածքների, կրթության, սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովման ուղղություններով իրականացված աշխատանքներին, տարբեր ՀԿ-ների կողմից կյանքի կոչված ծրագրերին, այդ թվում՝ կյանքի ռեսուրս կենտրոնների գործունեությանը, իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարված աշխատանքներին և այլն:
Ի դեպ, ավելի քան 100 էջից բաղկացած փաստաթուղթը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Հանձնաժողովի անդամ, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական
ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ մարզում ձևավորվել է «ՀՀ Լոռու մարզի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքը համակարգող աշխատանքային խումբ», որը ղեկավարում է Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Խմբում ընդգրկված են Լոռու մարզպետարանի, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի, ՄՍԾ և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:
Տարբեր շահագրգիռ կառույցների ներգրավմամբ՝ բնակիչների հետ կիրականացվեն խորհրդատվական աշխատանքներ, նաև նրանց ընտանիքի անդամների հետ՝ վարքային փոփոխություններ ձևավորելու նպատակով: Կարևոր կլինի նաև հանրության լայն իրազեկումը, ինչը կհանգեցնի համայնքի բնակիչների վարքագծային փոփոխությունների և հարգալից վերաբերմունքի ձևավորման:
Վ. Ջաղինյանը հանգամանալի ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027թ.թ. համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Լոռու մարզից ներկայացված 8 ծրագրային առաջարկությունները:
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Մոբիլիթի ինթերնեյշնլ» ԱՄՆ (МIՍՏА), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից ներկայացված քաղաքականության փաստաթղթին: Վ. Ջաղինյանը հայտնեց, որ այն ներկայացվել է շահագրգիռ կառույցների քննարկմանը և ներկայացված կարծիքների հիման վրա նախապատրաստվել է առաջարկությունների փաթեթ՝ նպատակ ունենալով աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը, կարողությունների զարգացմանը:
Տեղեկատվություն ներկայացվեց նաև «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի վերաբերյալ: