Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրդեհից տուժած ընտանիքների խնդիրը Լոռու մարզպետարանի օրակարգում է
15.02.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հերթական հանդիպումն ունեցավ Փամբակ համայնքի Բազում բնակավայրում այս տարեսկզբին հրդեհի հետևանքով այրված փայտաշեն բազմաբնակարան շինության անօթևան մնացած յոթ ընտանքների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Բազում բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանը:
Հ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ շենքում բռնկված հրդեհի պատճառները պարզելու ուղղությամբ նախաքննություն է ընթանում, իրականացվում են մի շարք փորձաքննություններ: Նա նշեց, որ միայն վերջանական եզրակացության հիման վրա Լոռու մարզպետարանը կկարողանա կդիմել ՀՀ կառավարությանը՝ հրդեհից տուժած ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:
- Ձեր խնդրի լուծումը Լոռու մարզպետարանի ամենօրյա ուշադրության ներքո է, այդ հարցում կարող եք վստահ լինել,- ասաց Հ. Ավետիսյանը:
Հրդեհից տուժած ընտանիքներին առաջարկվեց կարճ ժամկետում բնակավայրի վարչական ղեկավարին, ըստ կարիքների առաջնահերթության, հանգամանալի ներկայացնել՝ ի՞նչ աջակցություն են ակնկալում:
Ս. Կոստանդյանը տեղեկացրեց, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում ընտանիքները ներառվել են սննդի փաթեթների ձեռքբերման ծրագրում: Բազում բնակավայրի վարչական ղեկավարը դիմել է նաև տարբեր բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների և բարերարների այս ընտանիքներին աջակցության տարբեր ծրագրերում ևս ներառելու համար:
Ընդգծելով, որ խնդրի վերջնական լուծումը տևական ժամանակ կպահանջի՝ Հ. Ավետիսյանը կրկին հիշեցրեց մարզի ղեկավարի առաջարկությունը՝ ընտանիքներին ժամանակավոր կացարանով ապահովելու վերաբերյալ: