Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերություններին նվիրված միջոցառում՝ Պուշկինի լեռնանցքի աղբյուր-հուշարձանի մոտ
10.02.2023
Փետրվարի 10-ը Ռուսաստանի Դաշնությունում` որպես Դիվանագիտական աշխատողի օր նշելու և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական օրվա կապակցությամբ, այսօր միջոցառում էր կազմակերպվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Պուշկինի լեռնանցքի աղբյուր-հուշարձանի մոտ։
Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Գյումրու գլխավոր հյուպատոսության խորհրդատու-դեսպան Յուրի Կովալկոն, Գյումրու «Ռուսական տան» ղեկավար Անտոն Բերյանևը, պատասխանատու պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, հյուրեր:
Յ. Կովալկոն իր ողջույնի խոսքում ներկաներին շնորհավորեց Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հերթական տարեդարձի կապակցությամբ՝ կարևորելով երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործընթացը և տարբեր ասպարեզներում համագործակցության բարձր մակարդակը:
Օրվա կապակցությամբ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից նույնպես շնորհավորեց ներկաներին.
- Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները և համագործակցությունը տարբեր ոլորտներում բարձր մակարդակի վրա են: Ակտիվ են շփումները նաև տարածաշրջանային համագործակցության մակարդակով: Նախորդ տարի Լոռու մարզի պատվիրակությունն իմ ղեկավարությամբ մասնակցել է Բաշկորտոստանի Հանրապետությունում անցկացված միջազգային բիզնես-ֆորումին: Լոռու մարզը սերտորեն համագործակցում է նաև Սամարայի մարզի հետ: Մաղթում եմ, որ դիվանագիտական աշխատողների ջանքերը մշտապես ծառայեն միմիայն ի շահ մեր երկրների խաղաղության և բարեկեցության,- մասնավորապես նշեց Գ․ Ասրյանը։
Գեղարվեստական ելույթներով հանդես եկան Գարգառի միջնակարգ և Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցների սաները: Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս նշանավոր բանաստեղծ և դիվանագետ Ա.Ս. Գրիբոյեդովի հուշարձանին։