Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առողջապահության առաջնային օղակի պատասխանատուներն իրազեկվեցին ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին
06.02.2023
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի հետ միասին նրանք «Վանաձոր բժշկական կենտրոնում» հրավիրել էին հանդիպում առողջության առաջնային պահպանման օղակի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել առողջապահության համակարգում ներդրվող առաջիկա կարևորագույն բարեփոխումները, լսել կարծիքներ մարզային ԱԱՊ կառույցներից և հաշվի առնել նրանց առաջարկությունները:
Ա. Ջումայանը նշեց, որ փոխոխություններն ուղղված են քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիության ապահովմանը: Նա մասնավորապես ասաց, որ կկատարվի աշխատաժամանակի փոփոխություն. համաբուժարանները կաշխատեն 2 հերթափոխով՝ ժամը 8.00-19.00-ը, փոփոխություն կկատարվի հեռաբժշկության կանչերի գրաֆիկում, հիվանդների հերթագրումը կկատարվի նաև «ԱրՄեդ» համակարգում, բուժառուի ամբուլատոր քարտը կդառնա էլեկտրոնային, փոփոխություն կկատարվի բժիշկների գնահատման համակարգում և այլն:
Ռ. Պողոսյանը վստահեցրեց, որ մարզի ղեկավարի վերահսկողությամբ՝ առաջարկվող փոփոխությունները սահուն կերպով կներդրվեն առաջնային օղակում:
Քննարկումից հետո նրանք շրջայց կատարեցին Վանաձորի բժշկական կենտրոնում: