Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես եկավ մամլո ասուլիսով
01.02.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փետրվարի 1-ին հանդես եկավ մամլո ասուլիսով: Ներկա էին հանրապետական և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մինչ հարց ու պատասխանին անցնելը, լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան դիտելու Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից պատրաստված, 2022թ. Լոռու մարզում իրականացված աշխատանքներն ամփոփ կերպով ներկայացնող տեսաֆիլմ, որտեղ անդրադարձ էր կատարվում մասնավորապես քաղաքաշինության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, հողաշինության և հողօգտագործման, զարգացման ծրագրերի և զբոսաշրջության, տեղական ինքնակառավարման և այլ ուղղություններով տարված աշխատանքներին։
Ֆիլմի հղումը, այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=1OnAbVJ1H60 :
Ըստ բնագավառների, իրականացված աշխատանքները, տեղեկատվական նյութերի տեսքով, տարեսկզբից սկսած, հրապարակվել են նաև մարզպետարանի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում, տպագրվել «Լոռու մարզ» թերթում:
Մարզպետ Արամ Խաչատրյանը, ողջունելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասուլիսին ներկա գտնվելու համար, ևս մեկ անգամ հավաստեց իր և մարզպետարանի պաշտոնյաների բաց, թափանցիկ և հաշվետվողական աշխատելու պատրաստակամությունը, ինչի մասին են վկայում նաև պարբերաբար կազմակերպվող ասուլիսները, ճեպազրույցները և հարցազրույցները:
Լրատվամիջոցների հարցերը հիմնականում վերաբերում էին Վանաձորի ենթակառուցվածքների բարելավման, աղբահանության, ապօրինի կառույցների ապամոնտաժման, մարզի բնապահպանական, ՏԻՄ մարմինների գործունեության, ջրամատակարարման և մի շարք այլ խնդիրների, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
«Արմենիա» ՀԸ թղթակից Անահիտ Կարապետյանի հարցին՝ մարզպետարանի ներկայացուցիչները եղե՞լ են արդյոք հունվարի 19-ի գիշերը բռնկված հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողներից մարզի բնակիչ հանդիսացող զինծառայողների ընտանիքներում, մարզի ղեկավարը պատասխանեց, որ տեղի ունեցածը ողբերգություն էր և ցավ անձամբ իր և ողջ հայ ժողովրդի համար: Նա վստահություն հայտնեց, որ իրավապահ մարմինները կբացահայտեն և ամբողջական գնահատական կտան կատարվածին: Ինչ վերաբերում է ընտանիքներում լինելու հարցին, ապա Ա. Խաչատրյանը նշեց, որ անձամբ մասնակցել է զինվորների հոգեհանգիստների արարողություններին, հուղարկավորություններին և հանդիպել ծնողների հետ՝ հայտնելով պատրաստակամություն օգնելու նրանց ցանկացած հարցում: Իսկ դեպքի մասին հայտնի դառնալու պահից սկսած՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը եղել է ընտանիքների կողքին:
Civic.am-ի թղթակից Վովա Հակոբյանի հարցին ի պատասխան՝ Վանաձորում նախորդ տարի ավագանու նիստեր չգումարվելու պատճառով չիրականացված սուբվենիցոն ծրագրերի վերաբերյալ՝ Ա. Խաչատրյանը պատասխանեց, որ 2.6 մլրդ դրամի ծրագիր է նախատեսված եղել իրականացնել 2022թ.-ին: Ավագանու նիստեր արդեն գումարվում են և այդ ծրագրերը, նաև այլ լրացուցիչ ծրագրեր հնարավոր կլինի իրականացնել արդեն այս տարի: Այնպես, որ Վանաձորում ենթակառուցվածքների բարելավման առումով մեծ բարեփոխումներ են սպասվում:
Թղթակիցը հարց հնչեցրեց նաև կամավոր ատեստավորում անցած և 30-50% աշխատավարձի հավելավճար ստացող 64 ուսուցիչների վերաբերյալ. ինչու՞ է նրանց թվաքանակը այդքան քիչ:
-Սա առաջին փորձն էր և, թերևս, մի փոքր մտավախություն կար նրանց կողմից: Վստահ ենք, այդ մտավախությունները փարատվեցին, ու այս տարի և այսուհետ ավելի շատ ուսուցիչներ կմասնակցեն կամավոր ատեստավորումներին,-ասաց Ա. Խաչատրյանը:
«Հանրային ռադիոյի» թղթակից Լուսինե Սարգսյանը հետաքրքրվեց Վանաձորում տարիներ շարունակվող ապօրինությունների հետևանքների վերացման, աղբահանության կանոնակարգման ուղղությամբ տարվող աշխատանքներով:
-Ապօրինի տեղադրված բազմաթիվ կառույցներ, կրպակներ են հեռացվել, գործընթացը շարունակական է, փողոցային առևտուրն է կանոնակարգվում և այլն: Շատ խնդիրներ լուծվում են, իհարկե, շատ խնդիրներ կան դեռևս, բայց հետևողական աշխատանքներ են տարվում նաև աղբահանության կանոնակարգման ուղղությամբ: Անձամբ ես ու նաև համայնքի ղեկավարը անձամբ ենք վերահսկում:
Ապօրինաշինությունների ապամոնտաժման հետ կապված լրագրողների մտահոգությանն ի պատասխան՝ Ա. Խաչատրյանը տեղեկացրեց, որ նշված շինթուլտվությունները տրվել են նախկին համայնքապետի պաշտոնավարման ժամանակահատվածում, այժմ դատական գործընթաց է տեղի ունենում:
«Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանի հարցին՝ «Վանաձորում տեղի ունեցած ապօրինությունների հետ կապված համայնքային բյուջե գումարների վերադարձման գործընթացը ի՞նչ փուլում է»՝ մարզպետը տեղեկացրեց, որ դատական գործընթաց է տեղի ունենում. գումարների մի մասը վերադարձվել է, մյուս մասը ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է գույքը վերադարձնելուն, ապա հույս հայտնեց, որ դատական գործընթացի ավարտին, դրանք ևս կվերադարձվեն համայնքին:
-Այն ինչ տարիներ շարունակ տեղի է ունեցել՝ կապված ապօրինությունների հետ, ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է: Իրավապահները, վստահ եմ, կտան դրա գնահատականը,-ասաց Ա. Խաչատրյանը:
Հանքարդյունաբերությամբ պայմանավորված՝ մարզի ազդակիր համայնքներին սպառնացող բնապահպանական խնդիրների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ մարզպետը նշեց, որ կազմակերպվող հանրային լսումները դեռևս հանք բացել չէ.
-Եթե հանքի շահագործումը վնասում է բնությանը, ապա անձամբ դեմ կլինեմ, իսկ եթե պահպանվում են բոլոր նորմերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան, ապա հանքի շահագործումը նպաստում է տնտեսության ակտիվացմանը, աշխատատեղերի բացմանը և այլն: Ամեն ինչ հանգամանորեն ուսումնասիրվում և համապատասխան գնահատական է տրվում ամենաբարձր մակարդակով,-ասաց մարզպետը:
«Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանի հարցը վերաբերում էր Վանաձորի Հայքի հրապարակի անորակ վերանորոգմանը, համայնքի մի շարք գլխավոր փողոցների, այգիների բարեկարգմանը:
-Վանաձորի Հայքի հրապարակը շինարարը պարտավորվել է վերանորոգել եղանակային պայմանները թուլ տալուն պես, այգիների բարեկարգում իրականացվել և փուլառփուլ շարունակվելու է: Մարզկենտրոնի գլխավոր փողոցների հիմնանորոգում ևս կիրականացվի այս տարի, մասնավորապես՝ Խորենացի փողոցը, Դեմիրճյանը և այլն:
Մարզում իրականցվող ներդրումների հետ կապված՝ մարզի ղեկավարը նշեց, որ ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի կողմից խրախուսվում են բոլոր ներդրումային ծրագրերը և նրանց հետևողական աջակցություն է ցուցաբերվում:
-Օգտվելով առիթից, ուզում եմ մարզ հրավիրել բոլոր այն ներդրողներին, ովքեր կցանկանան օգնել գործարկելու Վանաձորի ճոպանուղին,-ասաց նա:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Կարինե Սիմոնյանը հետաքրքվեց Մ6 մայրուղուց դեպի Մարց, Աթան, Ահնիձոր և հարակից գյուղեր տանող ճանապարհի նորոգման հարցով. վերջապես, ե՞րբ կսկսվի ճանապարհի նորոգումը:
-Եղանակային պայմանները թույլ տալուն պես՝ դրանք մեծ թափով կմեկնարկեն: Այս հարցը ՀՀ կառավարության և անձամբ իմ ուշադրության կենտրոնում է,-ասաց Ա. Խաչատրյանը:
«Ազատության» թղթակիցը նշեց, որ «Սպիտակում քաղաքական ճգնաժամ կա ոչ թե՝ ընդդիմություն, այլ՝ իշխանություն թևում, իշխող կուսակցության ներսում»՝ խնդրելով գնահատական հնչեցնել:
-Թուլ տվեք չհամաձայնել «ճգնաժամ» որակման հետ: Մեր կուսակությունը ժողովրդավար կուսակցություն է: Խմբակցության անդամները կարող են տարբեր կարծիքներ ունենալ և դա օրինաչափ է: Ավագանու նիստեր կայացել են և որոշումներ են ընդունվել բյուջեի մասով, սուբվենցիաների հետ կապված, այնպես որ՝ նորմալ գործընթաց է,-ասաց մարզպետը:
«Ֆորտունա» ՀԸ թղթակից Աշխեն Սուքիասյանը հարց հնչեցրեց հունվարի 3-ին Բազում բնակավայրի Էներգետիկ ավանի փայտաշեն երկհարկանի շենքում բռնկված հրդեհի պատճառով 7 ընտանիքի բնակապահովման խնդրի հետ կապված: Մարզպետը տեղեկացրեց, որ դեպքի օրը մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը համայնքի ղեկավարի հետ դեպքի վայրում է եղել: Ինքն անձամբ, համաձայնության գալով ՎՊՀ ռեկտորի հետ, ընտանիքներին, որպես ժամանակավոր կացարան, առաջարկել է բուհին պատկանող շենքը, որտեղ առկա են կեցության համապատասխան պայմաններ, սակայն ընտանիքները հրաժարվել են: Առայժմ այդ լուծումն է առաջարկվում:
Միջհամայնքային տրանսպորտային միջոցների չկանոնակարգված աշխատանքի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան՝ Ա. Խաչատրյանը նշեց, որ ընթացքի մեջ է տրանսպորտային միասնական օպերատորի համակարգի ներդրման ծրագիրը, որից հետո միայն հնարավոր կլինի խնդրին լուծում տալ: Վանաձորում հանրային տրանսպորտի «չգոհացնող» գործունությանն էր վերաբերում ներկա լրագրողներից շատերի մտահոգությունը:
Մարզի ղեկավարը խոստացավ խնդրի մասին իրազեկել համայնքի ղեկավարին և հետևողական լինել դրա լուծման հարցում: