Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն 2022 թվականին գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ
24.01.2023
2021 թ.-ի համեմատությամբ՝ 2022 -ին ցանքատարածությունները Լոռու մարզում ավելացել են շուրջ 443 հա-ով: Գյուղատնտեսության ոլորտում իրականացվել է պետական օժանդակության 14 ծրագիր:
Գարնանը պետության կողմից պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրից Լոռու մարզում օգտվել է շուրջ 4500 շահառու, սուբսիդավորված պարարտանյութի քանակը կազմել է 2375 տ (47.509 պարկ), իսկ պետության կողմից գումարի սուբսիդավորման չափը կազմել է 427 մլն. 581 հազար դրամ:
Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թ.-ի պետական աջակցության ծրագրից Լոռու մարզում օգտվել է շուրջ 3300 շահառու. աշնանացանը կազմում է շուրջ 10.549 հա, որը 1035 հա-ով (10.8%) ավելի է 2021 թվականի աշնանացանից:
Մարզում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների կողմից, որոնք նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը:
Այս տարի Ավստրիական զարգացման գործակալության և ԵՄ ֆինանսավորմամբ «Կանաչ գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում «Աջակցություն Լոռու մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ մարզի համար ձեռք է բերվել պարարտանյութեր և թունաքիմիկատներ ցրող անօդաչու թռչող սարք (Ագրոդրոն), որը խթանելու է արդի գյուղատնտեսության զարգացումը մարզում: Ծրագրի արժեքը կազմել է շուրջ 50 հազար եվրո:
Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Մեծավան բնակավայրում ՀՀ Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմի» համագործակցությամբ մեկնարկել է նոր կառուցվող անասնաբուծական համալիրի կառուցման գործընթացը։ Ներդրումային այս ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն. դոլար է։ «Երեմյան Ֆարմի» անասնապահական այս խոշոր համալիրի ընդհանուր մակերեսը 29 հեկտար է, որը ներառելու է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։