Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կստեղծվի մարզի ՀԿ-ների և ՏԻՄ-երի համընդհանուր տվյալների բազա՝ երկուստեք համագործակցությունը առավել ակտիվացնելու նպատակով
19.01.2023
Այսօր Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» այս տարվա առաջին նիստը, որը վարում էր աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը:
Աշխատանքային խմբի կանոնակարգի համաձայն՝ տարվա առաջին նիստի ընթացքում քննարկվեց խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ ռոտացիոն կարգով, 4 անդամների փոփոխության հարցը: Աշխատանքային խմբի որոշմամբ՝ վերջիններս կփոխարինվեն նոր անդամներով:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովոթյան վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինայնը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից սոցիալական պաշտպանության բնագավառում 2022 իրականացված և 2023թ. իրականացվելիք բարեփոխումները՝ անդրադառնալով սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, ավանդների փոխհատուցման բնագավառներին:
ՀԿ կենտրոնի ներկայացուցիչ Սյուզան Հովսեփյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ մարզի քաղհասարակության և համայնքների միջև (ՀԿ և ՏԻՄ) համընդհանուր, միասնական կապի ապահովման հարթակի ստեղծման վերաբերյալ՝ արդյունավետ գործակցություն ապահովելու նպատակով: Ներկաների որոշմամբ՝ այդ հարթակը կարող է հանդիսանալ հենց աշխատանքային խումբը. առաջիկայում այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն. կստեղծվի համընդհանուր տվյալների բազա, որը կտրամադրվի ՀԿ սեկտորին և ՏԻՄ-երին՝ հետագա երկուստեք համագործակցությունը առավել ակտիվացնելու նպատակով: