Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն 2022 թվականին կրթության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ
17.01.2023
2022 թվականին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, կամավոր ատեստավորման արդյունքում 70% -ից բարձր արդյունք ցուցաբերած Լոռու մարզի թվով 64 ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է 30-50%-ով: Տարվա ընթացքում դպրոցների բյուջեի ճիշտ և արդյունավետ օգտագործման արդյունքում մի շարք դպրոցներում 5-10 %-ով ավելացել են մանկավարժների աշխատավարձերը:
Մարզային ենթակայության թվով 14 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել են թեքահարթակների, հաշմանդամություն ունեցող անձանց համար սանհանգույցների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հարմարեցված կահավորմամբ սենյակների կառուցման աշխատանքներ:
Նոր շենքային համալիրներ են կառուցվում և վերակառուցվում թվով 5 դպրոցների համար՝ Վանաձորի թիվ 19, Ստեփանավանի թիվ 3, Ալավերդու թիվ 2, Մեդովկայի և Հագվու (մոդուլային տիպի):
Մարզադահլիճներ են կառուցվում և հիմնանորոգվում Լոռու մարզային ենթակայության թվով 7 հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ Վանաձորի թիվ 9, 23, 27, Ստեփանավանի թիվ 1 վարժարան, Ագարակի, Վարդաբլուրի, Ալավերդու թիվ 12:
Անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրեր են իրականացվում Լոռու մարզային ենթակայության թվով 17 հանրակրթական ուսումնական հաստատություններում:
2022 թ.-ից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում մարզի 145 հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին տրամադրվել է դպրոցական տաք սնունդ: Ծրագիրը շարունակական է:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ ամբողջ Հայաստանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաները՝ 942 թիմ՝ մոտ 1000 աշակերտ, մասնակցել են պատանեկան ծրագրավորման DigiCode 2022-ին՝ պայքարելով հանրապետական փուլի ուղեգրի համար։ Մեր մարզից 8 թիմ՝ թվով 10 աշակերտ, հաղթահարել են մարզային փուլը։ Հանրապետական փուլում հաղթող է ճանաչվել 11 թիմ, որից՝ 2-ը մեր մարզից:
2022 թ.-ին Լոռու մարզից ՀՀ ԲՈՒՀ-երի ընդունելության մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 936 դիմորդ: Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերով ԲՈՒՀ է ընդունվել 687 դիմորդ (73.4%-ը), որոնցից 148-ը առաջին անվճար հայտով (ընդունվածների՝ 21.5 %-ը):
Առաջին կիսամյակի ընթացքում ամփոփվել են 2021-2022 ուստարվա դպրոցական առարակայական օլիմպիադաների արդյունքները: Լոռու մարզն ունեցել է 60 մրցանակակիր՝ զիջելով միայն մայրաքաղաքին, որոնցից՝
• 1-ին կարգի դիպլոմ է ստացել 4 աշակերտ,
• 2-րդ կարգի դիպլոմ՝ 9 աշակերտ,
• 3-րդ կարգի դիպլոմ՝ 25 աշակերտ
• գովասանագիր՝ 22 աշակերտ: