Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի շնորհակալագրով պարգևատրվել են «Միհրան և Ազնիվ Էսեֆեան» հիմնադրամի ներկայացուցիչները
12.01.2023
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր ընդունել և շնորհակալագրով պարգևատրել է «Միհրան և Ազնիվ Էսեֆեան» բարեգործական խնամակալության հիմնադրամի Վանաձորի համակարգող Կամո Ամիրխանյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի ռեկտոր Արմեն Խառատյանը, պատասխանաու պաշտոնյաներ:
«Միհրան և Ազնիվ Էսեֆեան» բարեգործական խնամակալության հիմնադրամը 2005 թվականից առ այսօր մարզում իրականացնում է ազգանվեր և մարդասիրական գործունեություն, որի հիմնական նպատակը հայ երիտասարդներին լավագույն կրթության հնարավորության ընձեռումն է: Հիմնադրամը փոխհատուցում է Լոռու մարզի վերոնշյալ բուհերում սովորող սոցիալապես անապահով բազմաթիվ ուսանողների ուսման վարձավճարները՝ շահագրգիռ լինելով նպաստելու Լոռու մարզում կրթության և գիտության զարգացմանը:
- Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել 17 տարիների ընթացքում ուսանողներին հիմնադրամի միջոցներով աջակցելու բարեգործական և շարունակական ծրագրի համար: Մեզ անհրաժեշտ է գիտելիքներով զինված և կրթված սերունդ՝ երկրի զարգացման և շենացման համար: Մեր խորին շնորհակալությունը փոխանցեք նաև հիմնադրամի բոլոր ներկայացուցիչներին,- իր խոսքում մասնավորապես ասել է Գ. Ասրյանը:
«Միհրան և Ազնիվ Էսեֆեան» բարեգործական խնամակալության հիմնադրամի Վանաձորի համակարգող Կամո Ամիրխանյանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում միջինում 300 ուսանողի ուսման վարձ են փոխհատուցում. գործունեության ընթացքում հիմնադրամը սատարել է շուրջ 7000 ուսանողի:
Արամ Գրիգորյանը, բուհերի ղեկավարները ևս շնորհակալություն են հայտնել հիմնադրամի ներկայացուցիչներին համագործակցության համար:
Լոռու մարզպետի շնորհակալագրով պարգևատրվել է նաև «Միհրան և Ազնիվ Էսեֆյան» բարեգործական խնամակալության հիմնադրամի համակարգող Մարալ Օվանեսսոֆֆը՝ ՀՀ Լոռու մարզում իրականացրած ազգանվեր և մարդասիրական գործունեության, բազմաթիվ անապահով և կարիքավոր ուսանողների ուսման վճարները փոխհատուցելու և 17 տարվա արդյունավետ համագործակցության համար: Այն կփոխանցվի հասցեատիրոջը: