Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն 2022 թվականի ընթացքում պետբյուջեով Լոռու մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ
12.01.2023
2022 թվականին Լոռու մարզում իրականացվել են 7.37 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ճանապարհաշինական աշխատանքներ. հիմնանորոգվել է մոտ 70 կմ ճանապարհահատված:
Առավել խոշոր ծրագրերն են.
• Մ6՝ Վանաձոր – Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը: Երկրորդ փուլով նախատեսվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 51.74 կմ, որից 32.95 կմ` Լոռու մարզում: Ծրագրի արժեքը 3.837 մլրդ դրամ է: Կապալառու կազմակերպություններն են «Հորիզոն-95» ՍՊԸ-ն, «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ն և «Սուարդի» ԲԸ իտալական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Աշխատանքները հիմնականում ավարտական փուլում են: Որոշ աշխատանքների մասով կատարվել են նախագծային փոփոխություններ և կիրականացվեն 2023թ-ին:
• Մ-3՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 22.9 կմ և 7.49 կմ երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում: Պայմանագրային ընդհանուր արժեքը 5.1 մլրդ. դրամ է: Կապալառու կազմակերպություններն են «Լեոպոլդ և ընկերներ» ու «Ճանապարհ» ՍՊԸ-ները: Աշխատանքներն ավարտված են:
• Հ-33՝ (Մ-3 Ստեփանավան-Ագարակ-Յաղդան- Հ-35) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 8.1 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը 991 մլն դրամ է: Կապալառու կազմակերպությունն է «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն է: Աշխատանքներն ավարտական փուլում են:
• Տ-5-7՝ (Մ-7) (Շիրակամուտ) – Լեռնավան (Տ–5-38) մարզային նշանակության ճանապարհի 1.142 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը 148.6 մլն. դրամ է: Կապալառու կազմակերպությունը «Ռ.Ղազարյան» ՍՊԸ-ն է: Աշխատանքներն ավարտական փուլում են: